ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքիայի նախագահի խոստովանությունը` Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու ու Արցախ ներխուժման գործում ուղիղ մասնակցություն ունենալու վերաբերյալ, հունից հանել է Բաքվին:

Ադրբեջանից մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, այն որակել են հիմքերից զուրկ, նշելով, որ Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ապահովել 44-օրյա պատերազմում:

Այստեղ նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարների համար ի սկզբանե պարզ էր Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմական գործողություններին` ահաբեկիչների հավաքագրումից մինչև օպերացիաների պլանավորում, մշակում, որոշ զինատեսակների կիրառում և այլն:

Հիմա ո՞րն է խնդիրը, որ Բաքվից նյարդայնություն են դրսևորում. կոտրվում է քարոզչական այն հիմնասյուններից մեկը, թե իրենց բանակը մարտունակության այն մակարդակին է եղել, որ պատերազմ է հաղթել, սա այն դեպքում, որ մի կողմից Թուրքիայի մասնակցությունն է եղել, մյուս կողմից ՀՀ իշխանության նպատակային տապալումները:

Երկրորդ, Ադրբեջանը միշտ փորձել է կեղծ թեզեր շրջանառել, որ հայկական կողմը 90-ականների պատերազմն արտաքին օժանդակությամբ է հաղթել, իսկ հիմա նրա գլխավոր դաշնակիցը թեման Բաքվին է վերադարձնում:

Մի բան շատ ակնհայտ է. 2020 թվականին պատերազմն այսպիսի խայտառակ ելք չէր ունենա, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ այս հանձնողականների, պարտվողականների, հայրենավաճառների հավաքածուն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն