Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա հանդիպմանը:

Նա X-ում հանդիպումից տեսանյութ է հրապարակել և գրել. «Մենք անցկացրել ենք հանդիպումների հինգերորդ փուլը Թուրքիայի և Հայաստանի սահմանային գոտում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ կեսօրին՝ թուրքական կողմում։ Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն