Բրիտանական Սաութպորտ քաղաքում աջ ծայրահեղականներն անկարգություններ են սկսել, որոնց ժամանակ վիրավորվել է 37 ոստիկան: Նրանցից 27-ը հիվանդանոցում են: Ոստիկանության տվյալով՝ իրավապահները ստացել են կոտրվածքներ, կտրվածքներ, ուղեղի ցնցում և այլ վնասվածքներ։ Անկարգությունների հետ կապված՝ ոստիկանությունն օրվա ընթացքում ընդլայնված լիազորություններ է ստացել՝ կասկածյալներին խուզարկելու և ձերբակալելու համար։

Անկարգությունները սկսվել են պարերի  և յոգայի մանկական ստուդիայում դանակահարության հաջորդ օրը, որի ժամանակ դանակահարված 3 աղջիկ մահացել է, ևս 8 երեխայից 5-ի վիճակը ծանր է։ Ծանր վնասվածքներով հիվանդանոցում է նաև 2 մեծահասակ: Իրավախախտները աղյուսներ են նետել տեղի մզկիթի և ոստիկանների վրա, այրել մեքենաներ ու աղբամաններ: Ոստիկանության տվյալով՝ անկարգությունները հիմնականում կազմակերպել են աջ ծայրահեղական իսլամաֆոբ «Անգլիայի պաշտպանության լիգա» խմբավորման անդամները:

Հարձակման կասկածանքով ձերբակալվել է հարևան Բենքս քաղաքում բնակվող 17-ամյա պատանի, որը, ըստ իրավապահների, ծնվել է Մեծ Բրիտանիայում։ Սպանության շարժառիթները պարզվում են։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն