Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար աջակցության նոր ծրագիր կգործի մինչև 2027-ի ավարտը
Այսօր մսի արժեշղթայում գործող ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շրջանառութան հարկ վճարող տնտեսվարողները գործում են անհավասար մրցակցային պայմաններում, իսկ ոչ պատշաճ վարչարարության հետևանքով շրջանառության հարկ վճարող տնտեսվարողներն ԱԱՀ վճարվող համարվելուց խուսափելու նպատակով շատ հաճախ չեն փաստաթղթավորում իրենց իրական շրջանառությունը: Այդ մասին Կառավարության օգոստոսի 1-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսվարողին տրամադրել սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների համար հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75 %-ի չափով աջակցություն։
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորեց որոշման նախագիծը, ապա պարզաբանեց՝ ինչ փոփոխության մասին է խոսքը:
«Չնայած սպանդանոցային տնտեսությունները տարբեր եղանակներով Կառավարության կողմից աջակցության ծրագրերի են արժանացել, նրանք գործնականում, կարող ենք ասել, որ չեն կայանում, որովհետև մենք ունենք հարկման ռեժիմների տարբերություն: Կա շրջանառության հարկ, որը 115 մլն դրամը գերազանցելու դեպքում այլևս չի գործում, և փոքր սպանդանոցային գործունեությամբ զբաղվող այն տնտեսվարողները, որոնք գյուղացիներից քիչ քանակով խոշոր եղջերավոր կենդանիներ գնելու, սպանդի ենթարկելու և այդ եղանակով շուկա հանելու ճանապարհ են անցնում, ընդամենը շրջանառության հարկի ցածր՝ 5 տոկոս դրույքաչափով հարկվելով, գտնվում են մրցակցային առավելության մեջ նրանց նկատմամբ, որոնք ավելի խոշոր են:
Այլ կերպ ասած՝ մենք ունենք հարկման ռեժիմների տարբերության պատճառով ձևավորված այնպիսի իրականություն, որ այդ տնտեսվարողների համար ավելի շահեկան է չխոշորանալը, կամ այնպիսի ծավալով գործունեություն իրականացնելը, որ թույլ չի տալիս մեծ չափեր ներառել:
Մենք այդ եղանակով փորձում ենք այդ հարկման ռեժիմների տարբերությունը նվազեցնել, գործնականում բացառել, որովհետև, ըստ առաջարկվող կարգավորման, ասում ենք, որ այն սպանդանոցային տնտեսությունները, որոնք ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափ կկիրառեն իրենց կողմից վաճառվող խոշոր եղջերավոր կենդանիների մսի նկատմամբ, սպանդի ենթարկված մսեղիքի նկատմամբ, յուրաքանչյուր, պայմանական, ենթադրենք, եթե 1 կգ մսի արժեքը եղել է 2000 դրամ, դրա նկատմամբ հաշվարկվել է 400 դրամ ԱԱՀ, և այս որոշմամբ Կառավարությունն ասում է, որ այդ սպանդանոցային տնտեսությունների վճարած յուրաքանչյուր 400 դրամ ԱԱՀ-ից 300 դրամը պետական բյուջեից կվերադարձվի այդ սպանդանոցային տնտեսություններին: Այսինքն՝ մենք այդպիսով յուրաքանչյուր կգ մսի դիմաց հաշվարկված ԱԱՀ-ի միայն 100 դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն՝ այդպիսով գործնականում հավասարեցնելով այն հարկման բեռը, որը կա շրջանառության հարկ և ԱԱՀ վճարողների միջև: Երեք քառորդը վերադարձնելը նշանակում է 20 տոկոսի 15 տոկոսային կետը վերադարձնել և թողնել 5 տոկոսային կետը, ինչը կվճարվեր նաև, եթե լիներ շրջանառության հարկի միջոցով հարկում»,- ասաց նա: