Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի կուսակցությունը կմասնակցի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք կանցկացվեն աշնանը: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է նախկին վարչապետի կողմնակիցը:
«Անպայման կմասնակցի: Թեկնածուների հարցում չենք շտապի: Մենք նրանց կներկայացնենք, երբ ժամանակը գա»,- լրագրողներին հայտնել է երկրի խորհրդարանի անկախ պատգամավոր Գեորգի Խոջեվանիշվիլին:
Արդեն հայտնի է, որ Գախարիան վաղը ներկայացնելու է իր կուսակցությունը: Նախնական տվյալներով կուսակցության մասին հայտարարությունից հետո, նորաստեղծ քաղաքական ուժը կտեղեկացնի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Փորձագետները կարծում են, որ նախկին վարչապետի թիմին կհաջողվի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից փախցնել ընտրողների ձայների մի մասը:
Գլխավոր հարցն այս պահին Թբիլիսիի քաղաքապետի թեկնածության հարցն է, թե արդյոք Գախարիան առաջադրվելու է այդ պաշտոնում: Ներկա պահին այդ պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ամենավարկանշային գործիչներից մեկը՝ Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, որ Գախարիան վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել այս տարվա փետրվարին՝ պայմանավորված «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության ֆոնին ծագած տարաձայնություններով: