«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության սեպքով կալանավորվել են «Չաղ Ռուստամն» ու ևս մեկ անձ
ՆԳՆ-ն հաղորդում է, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանությունը բացահայտվել է։
«Հունիս 11–ին, ժամը 23.17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր:
Ժամը 23.53–ին հաղորդում ստացվեց «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե անց ստացվեց ևս մեկ հաղորդում. տղամարդկանցից մեկը՝ ենթամշակույթի մակարդակում «Ֆազ» մականվամբ հայտնի 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը, գիտակցության չգալով՝ մահացել էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին միմյանց բախված «Լանդ Կրաուզեր», «Տոյոտա Քեմրի», «Օպել Աստրա» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ: «Լանդ Կրաուզերի» վրա կային կրակոցի, իսկ սրահում՝ արնանման հետքեր: «Օպել Աստրայի» բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվեցին «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ: Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Հանցագործության բացահայտմանը լծվեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ: Առաջին իսկ պահից իրավապահներն ունեին մի քանի վարկած, որոնցից մեկը` հիմնավոր: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ կատարվածը նախկինում երկու անձի միջև ձևավորված թշնամական հարաբերությունների շարունակությունն է»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը:
Դեռևս 2021 թ. հունվարի 13-ին Երևանի Դավիթ-Բեկի փողոցի ավտոկայանատեղիում Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ էին ձևավորվել նրա և Սերգեյ Գրիգորյանի միջև։ Հետագայում նույնպես այս երկուսի մտերիմների մասնակցությամբ տեղի էին ունեցել միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, և դրանց կապակցությամբ նախաձեռնվել էին քրեական վարույթներ: Վարկածը կար, սակայն ապացույցներ էին հարկավոր: Իսկ ամեն ինչ հուշում էր, որ հանցագործությունը նախապես մանրակրկիտ նախապատրաստված էր ու հնարավորինս բացառված փաստով բռնվելու հավանականությունը: Մի խոսքով, իրավապահներին ծանր ու երկարատև աշխատանք էր սպասվում: «Դեպքի վայրում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև հարակից տարածքներում հայտնաբերված բոլոր առարկաները, իրերը, այդ թվում` ինքնաձիգն ու փամփշտատուփերը ներկայացվեցին դատագենետիկական փորձաքննության:
Արդյունքում պարզվեց, որ առնվազն չորս տղամարդկանց թողած ԴՆԹ հետքեր էին առկա այդ իրերի և առարկաների վրա»,-ներկայացնում է ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը: Մինչ կստացվեին ու կվերլուծվեին փորձաքննության արդյունքները` իրավապահներին հաջողվեց բացահայտման ուղղությամբ կարևոր քայլ կատարել: ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյան. «Ուսումնասիրվեցին դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ պարզել կատարողներից մեկի շարժը: Նա Թումոյի այգու դիմացից տաքսի մեքենայով, դեպքից անմիջապես հետո, մեկնել էր Պռոշյան գյուղ»: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում էր գտնվում Ռուստամ Ստեփանյանի առանձնատունը: Իրավապահների գործողությունները դարձան ավելի նպատակային: Նույնիսկ հաջողվեց պարզել, թե ով և որ խանութից է գնել չորս բաժակ սառը սուրճը, որոնք հայտնաբերվել էին սպանության վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայում:
ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Վարույթ իրականացնող մարմինը կատարեց բազմաթիվ հասցեների խուզարկություններ, այդ թվում՝ բնակարանների և ավտոմեքենաների, որոնց արդյունքում կասկածվող շրջանակի անձինք ներկայացվեցին նմուշառման, նրանցից վերցվեցին կենսաբանական նմուշներ՝ անձանց նույնացումը կատարելու համար»: Փորձաքննությունների արդյունքները եկան հաստատելու իրավապահների վարկածը: Աստիճանաբար ուրվագծվեցին հանցագործության նախապատրաստական փուլի և կոնկրետ գործողության մանրամասները: Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները: Ըստ այդմ` հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձինք կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանության հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով նրանք հետապնդում են Սերգեյ Գրիգորյանին: Ժամը 23.15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է գալիս Շինարարների փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստում իրեն պատկանող «Տոյոտայի» ղեկին, կողքը նստում է նրան ուղեկցողներից մեկը, ու պատրաստվում են հեռանալ: Այդ պահին «Օպել Աստրան» փակում է նրանց ճանապարհը: Մեքենաները բախվում են իրար: «Օպելի» միջից ինքնաձիգով կրակահերթ է արձակվում Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ: Չկարողանալով հեռանալ մեքենայով` կատարողները ոտքով դիմում են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցելով ինքնաձիգը, ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Երկուսն էլ, առանձին-առանձին, գնացել են Պռոշյան գյուղի իրենց հավաքատեղի առանձնատուն, որտեղ նրանց սպասում էին հանցագործության ղեկավարն ու կազմակերպիչը:
«Հաջողվեց ֆիքսել նաև հանցագործության անմիջական կատարողների հետագա շարժը: Պարզվեց, որ երկուսն էլ հունիսի 12-ի առավոտյան, տարբեր ժամերի, «Զվարթնոց» օդանավակայանով լքել են հանրապետությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՔՄՀ բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը: Իրավապահների ձեռք բերած ապացույցները հիմնավոր էին, և ներկայացրածն այդ ապացույցների մի մասն է միայն: ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյան. «Գտնելով, որ առկա է ապացույցների համակցություն, որը թույլ է տալիս չորս անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, միջնորդություն ներկայացվեց հսկող դատախազին` չորս անձանց նկատմամբ, որոնցից երկուսը` որպես կազմակերպիչ ու ղեկավար, իսկ մյուս երկուսը որպես անմիջականորեն կատարող, քրեական հետապնդում հարուցվի: Հուլիսի 27-ին միջնորդությունները ներկայացվեցին, ամբողջությամբ բավարարվեցին և ձերբակալման որոշումներ կայացվեցին, որոնց կատարումը հանձնարարվեց ոստիկանությանը»:
Հուլիսի 28-ին Ռուստամ Ստեփանյանը ձերբակալվեց Պռոշյան գյուղում գտնվող իր տանը, ևս մեկ կազմակերպիչ` Նոր Նորքում գտնվող իր տանը: Երկուսն էլ ներկայացվեցին վարույթ իրականացնող մարմին: Այնուհետև նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարանին, ինչը նույնպես բավարարվեց: Երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Հանցագործության անմիջական կատարողների` Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` սպանության, սպանության փորձի և ապօրինի ձենք պահելու մեղադրանքով: Նախաքննությամբ դեպքի այլ հանգամանքներ պարզվում են»,- նշվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։