ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական թևի նորանշանակ ղեկավար Յահյա Սինվարին կոչ է արել ընդունել Գազայի հատվածում հրադադարի առաջարկը՝ ասելով, որ Սինվարն առացքային որոշողն է: Այս մասին գրում է france24.com-ը:

«Նա եղել և մնում է հիմնական որոշողը, երբ խոսքը վերաբերում է հրադադարի կնքմանը: Եվ, հետևաբար, ես կարծում եմ, որ սա միայն ընդգծում է այն փաստը, որ իրոք նա պետք է որոշի՝ արդյոք պետք է առաջ շարժվել հրադադարով, որն ակնհայտորեն անհրաժեշտ է հուսահատված պաղեստինցիներին»,- լրագրողներին ասել է Բլինկենը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը դարձել է  քաղբյուրոյի ղեկավար։ Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման կազմակերպիչներից մեկը։ Նա քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է այն ֆոնին, երբ Իրանը պատրաստվում է հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Հանիեի սպանության։

Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Իսմայիլ Հանիեն, որը սպանվել էր Թեհրանում հուլիսի 31-ի գիշերը։  Իրանն ու ՀԱՄԱՍ-ը Իսրայելին են մեղադրել սպանության համար, իսրայելական կողմը չի հաստատել իր մասնակցությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն