ՀՀ-ում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկը. Մհեր Գրիգորյան
Անցած ամիս ՀՀ-ում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկը, ինչը կարևոր իրադարձություն է: Այդ մասին Կառավարության օգոստոսի 8-ի նիստին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ շուրջ 540 հազար կենսաթոշակառու և նպաստառու արդեն իսկ օգտվում է գումարը քարտով ստանալու տարբերակից, իսկ նրանց 44 տոկոսն օգտվում է նաև հետվճարի ծրագրից:
Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կենսաթոշակառուների մյուս կեսը չի օգտվում ծրագրից, ապա շտապեց կարծիք հայտնել՝ պոստտերմինալների սփռումը ՀՀ-ում բավարար չէ:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց՝ հնարավոր է՝ վերլուծություն արվի և պարզվի, որ կանխիկով գնումները հիմնականում գյուղաբնակ վայրերում են արվում: Բայց լինում են նաև դեպքեր, որ ասվում է՝ ինտերնետ չկա, սարք չկա, կապ չկա, թեև դրանք նախարարը խախտում որակեց:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս արձագանքեց՝ ամեն ինչ շատ դրական ուղղությամբ է զարգանում, թվերը տպավորիչ են, թե ինչքան է անկանխիկ գործարքների քանակն ավելացել:
«Բոլորը սկսել են գիտակցել, որ անկանխիկ գնումներն ավելի հարմար են, ավելի շահավետ են, և լայնորեն կիրառում են այն գործիքները, որոնք տրամադրվում են:
Կարծում եմ՝ նույնիսկ երկար վիճել չարժի, որ կանխիկն ավելի թանկ է նստում, քան անկանխիկը»,- ասաց Բադասյանը:
Փոխվարչապետ Գրիգորյանը հավելեց՝ այսօր արդեն թոշակառուներին պատրաստում են սպասվող իրավիճակին, որովհետև, միևնույն է, էլեկտրոնային առևտուրը դոմինանտ է լինելու, և էլեկտրոնային առևտրի պարագայում կանխիկն անօգտագործելի է դառնալու: Զարգացած երկրներում այդպես է, և չի էլ քննարկվում:
«Մենք ճիշտ բան ենք անում, ճիշտ ուղղությամբ ենք գնում, և շատ լավ է, որ արձանագրումներ կան, որ արդյունքները տպավորիչ են»,- ասաց փոխվարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս համատեքստում մեկ այլ հանգամանք ընդգծեց: Ստացվում է՝ հետվճարի ավելացման արդյունքում թոշակները ևս 1000 դրամով ավելանում են, եթե հետվճարը 5000-ից դառնում է 6000 դրամ: