Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Թեհրանի խնդրանքով Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել:

Օրակարգում եղել են տարածաշրջանային զարգացումները, Իսրայելի գործողությունները, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, ինչի հետևանքով, ըստ իրանական կողմի, խախտվել է Իրանի ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը։ 

Գամբիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանը հայտնվել է կրիտիկական կետում, որտեղ դիվանագիտական ջանքերը կարող են հօդս ցնդել, և աշխարհն ընկղմվի ավելի լայնածավալ հակամարտության մեջ: Մամադու Տանգարան անօրինական է որակել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը, նշել, որ դա խաթարում է խաղաղ կարգավորման հեռանկարը:

Հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին էլ հայտարարել է. «Իրանը կպատասխանի Իսրայելի հանցագործություններին, դա տեղի կունենա ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով»:

Հիշեցնենք, որ իսրայելական կողմը բարձր մակարդակով չի հերքել, նաև չի ստանձնել Հանիեի սպանության պատասխանատվությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն