Զապորոժիեի ատոմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել. Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱՏԷՄԻԳ) հայտարարել է, որ կիրակի Զապորոժիեի ատոմակայանում տեղի ունեցած հրդեհից հետո միջուկային անվտանգության վրա որևէ ազդեցություն չի գրանցվել:
X-ում հրապարակված հայտարարության մեջ գործակալությունը նշել է, որ իր փորձագետներն արձանագրել են, որ «բազմաթիվ պայթյուններից» հետո գործարանից ծուխ է դուրս եկել։
Ըստ հաղորդագրության` ատոմակայանից հաղորդել էին հովացման աշտարակներից մեկի վրա «անօդաչու թռչող սարքի կողմից ենթադրյալ հարձակման մասին»:
«Միջուկային անվտանգության վրա որևէ ազդեցություն չի գրանցվել», — հավելել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:
Ավելի ուշ հայտարարության մեջ ԱՏԷՄԻԳ-ն ասել է, որ խնդրել է «անհապաղ մուտք ապահովել սառեցնող աշտարակ՝ վնասը գնահատելու համար»:
Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում Զապորոժիեի հսկա ատոմակայանում բռնկված հրդեհի համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական ուժերն են հրդեհել գործարանը, որը ավելի քան երկու տարի գտնվում է Մոսկվայի վերահսկողության տակ։
Զապորոժիեի նահանգապետն էլ ասել է, որ ուկրաինական հրետակոծությունն է հրդեհի պատճառ դարձել:
1981 թվականին կառուցված Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում։ Դրա հզորությունը 6000 ՄՎտ է։ Այն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում։