Ուկրաինայի բարձրագույն հրամանատարն ասել է, որ իրենց ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի գրեթե 1000 ք․կմ տարածք
Ուկրաինայի բարձրագույն զինվորական հրամանատարն ասել է, որ իրենց ուժերն այժմ վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի շրջանի 1000 քառակուսի կիլոմետր տարածք` գրում է Ասսոշեյթեդ պրես-ը։
Ուկրաինացի գեներալ Ալեքսանդր Սիրսկին այս հայտարարությունն արել է երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, որտեղ նա նախագահին ներկայացրել է առաջնագծում ստեղծված իրավիճակը։
«Զորքերը կատարում են իրենց խնդիրները. մարտերը շարունակվում են առաջնագծի ողջ երկայնքով։ Իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- ասել է Սիրսկին։
Ռուսական ուժերը դեռ փորձում են պատասխանել Ուկրաինայի անակնկալ հարձակմանը գրեթե մեկ շաբաթ տևող կատաղի մարտերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ է տարհանվել, Կիևի փորձն է՝ կասեցնել Մոսկվայի հարձակումը Ուկրաինայի արևելյան Դոնբասի տարածաշրջանում և լծակներ ձեռք բերել ապագա խաղաղ բանակցություններում: