Հայաստանում հայտնի գործարար ընկերություններից մեկի հիմնադիրը պնդում է. «Փորձում են 24 տարվա մեր բարի համբավը արատավորել․ ՊԵԿ-ը խեղաթյուրել է փաստերը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Հայաստանյան խոշորագույն գործարարներից մեկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 37-ամյա Բաբկեն Դավթյանը՝ իրենց ընկերությունում տեղի ունեցած գողության դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բ․ Դավթյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրենց ընկերության 42-ամյա աշխատակիցը ընկերությանը պատկանող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից գողացել է խոշոր չափի հավի սառեցված միս։Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են կասկածյալին, ով Կոտայքի մարզի բնակիչ Երջանիկ Խ․-ն է։Պարզվել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հայտնածը իրականություն է։ Երջանիկ Խ․-ն իր արարքով ընկերությանը պատճառել է նաև ֆինանսական վնաս, իսկ նշված ընկերությունը «Արմեն-Համիկ» ՀՁՍՊԸ-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Երջանիկ Խ․-ն ստորագրությամբ ազատ է արձակվել ու մինչ քննիչները նախաքննություն կիրականացնեին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մամլո հաղորդագրություն և տեսանյութ հրապարակեց, որով նշված ընկերությանը մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ, թե իբրև նշված ընկերությունը ժողովրդի լեզվով ասած «բռակ», իրենից վտանգ ներկայացնող մի քանի տոննա սառեցված հավի միսը, որը ենթակա է եղել ոչնչացման հողի տակից հանել են ու պետք է իրացնեին, սակայն մաքսայինի «Շեռլոք Հոլմսները» դարի հանցագործությունը համարել են բացահայտած ու իրենք կանխել վտանգավոր սառեցված հավի մսի շրջանառությունը։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, «Արմեն-Համիկ» ՀՁՍՊԸ-ի հիմնադիր Մարտիկ Անդրասյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հերքեց այդ ամենը, ասելով, որ ՊԵԿ-ը շտապողականություն է ցուցաբերել, հանրությանը փորձել է մոլորեցնել, խեղաթյուրել է ողջ փաստերը, ինչի պատճառով էլ 24 տարի ժողովրդի համար ծառայած ընկերության հեղինակությանը պատճառվել է վնաս ու իրենք դիմել են ՊԵԿ, որպեսզի հերքեն, քանի որ այդ ամենը իրականության հետ աղերս չունի, հակառակ դեպքում եթե ՊԵԿ-ը չբավարարի իրենց հերքման պահանջը, իրենք դիմելու են դատարան։Խնդրի վերաբերյալ արդեն զբաղվում է նաև տնօրենի պաշտոնակատար Բ․ Դավթյանը, ով նաև նշված ՍՊԸ-ի իրավաբանն է։ Մանրամասները՝ տեսանյութում:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՊԵԿ-ը հաղորդել էր աղմկահարույց բացահայտման մասին․ ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել էին «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Մարտիկ Անդրեասյանը Factor.am-ի հետ զրույցում ՊԵԿ-ի նկարահանած տեսանյութը «շոու» էր անվանել։ Ընկերության տնօրենը պնդել էր, որ ՍԱՏՄ-ի կողմից ոչ պիտանի համարված թռչնամսի ոչնչացումը հենց իրենք էին կազմակերպել, քանի որ տեսչական մարմինն իրենց վերջնաժամկետ էր տվել։ Մարտիկ Անդրեասյանի խոսքով՝ սեփական ֆինանսական միջոցներով մթերքի ոչնչացմամբ զբաղվող մի ընկերության հետ պայմանագիր էին կնքել և սկսել ոչ պիտանի թռչանամսի ոչնչացումը։«Մեկ հոգի սննդի տեսուչներից, մեկն էլ ՊԵԿ-ից եկել են և իրենց ներկայությամբ թռչնամիսը բարձել ենք երկու «Կամազ» և մեկ «ԶԻԼ» մեքենա։ Իրենց ուղեկցությամբ տարել են աղբավայր և դատարկել են հողի վրա։ Տրակտորի կովշով ամբողջը ջարդել են, լցրել են աղբավայրը։ Երկրորդ մեքենան էլ է դատարկվել իրենց աշխատակիցների ներկայությամբ։ 4 մետր խորությամբ փոս են փորել, թաղել են և հողը լցրել են վրան»,- պարզաբանեց նա։Անդրեասյանը պատմել էր, որ ՊԵԿ աշխատակիցները թռչնամիսն ընկերության պահեստից տանելուց հետո զանգել էին իրեն և ասել, որ «ԶԻԼ» բեռնատարը չկա։ «ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշում է, թե զիբիլ-զիբիլ, տանեմ մի քանի արկղ լցնեմ աղբի վրա, մնացածն էլ կտանեմ շներիս կտամ։ Չի հասնում այն աղբավայրը, որտեղ ՊԵԿ-ի աշխատողներն են, տանում է հավի միսը մեկ ուրիշ վայրում, մոտ 60 արկղ դատարկում է։ Հետո հետ է գնում այդ աղբավայր։ ՊԵԿ-ի աշխատողները, որ տեսնում են՝ բեռնատարի մեջ դատարկ արկղեր կան, հետ են ուղարկում։ Զանգում են մեզ և ասում, որ վարորդը չկա»,- ասաց նա։«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ ինքը ոստիկանություն հաղորդում է տվել, որ «ԶԻԼ»-ի վարորդը ոչնչացման ենթակա հավի միսը դատարկել է այլ վայրում։««ԶԻԼ»-ի վարորդն իմ աշխատողն է։ Ես իրեն նեղել եմ, ճնշել, ասել եմ՝ գնա ամբողջ բեռը բեր։ Ինքը գնացել է արկղերի միջից դատարկած թռչնամիսը, այդ գողոնը, բարձել է մեքենան և բերել պահեստ։ Կշտամբեցի, ասեցի՝ եթե քեզ շան համար կեր էր պետք, լիքը քեզ ժամկետանց հավ կտայի։ Վարորդն ասեց՝ դե՛, պարոն Անդրեասյան, մտածեցի՝ զիբիլի ապրանք է, էնտեղ լցնեմ, թե էստեղ, տարբերություն չկա։ Ինքը բերում է՝ էդ թռչնամիսը լցնում է պահեստը։ Հետո տեսուչներն են գալիս և ասում, թե թափած միսը բերել, լցրել եք պահեստը։ Ես էլ ասել եմ՝ հաղորդում ենք տվել, որ մեր վարորդը հավ է գողացել։ 3 հոգով 15 անգամ ստուգում են պահեստները, նկարահանում։ Ես էլ ասում եմ, որ դա վարորդի գողացած թռչնամիսն է»,- հավելել էր տնօրենը։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։