Հոգեբանական ճնշում՝ նոր զիջումներ կորզելու համար․ ինչո՞ւ է ապատեղեկատվություն տարածում Բաքուն
Հրադադարի ռեժիմի խախտման մասին մեկը մյուսին հաջորդող ապատեղեկատվության տարածում Բաքվի կողմից, հաշված ժամերի ընթացքում։ ՀՀ ՊՆ երկու դեպքում էլ հերքեց ադրբեջանական լուրերը, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 3։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Հերքվեց նաև այն, որ հայկական կողմը գնդակոծել է Նախիջևանի Գանզա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը։ Փորձագետների համոզմամբ, ապատեղեկատվության տարածումը հստակ նպատակ ունի՝ պահել հայ հասարակությանը պարտվածի հոգեբանական վիճակում և, վախ տարածելով, զիջումներ ստանալ։
Հրադադարի խախտումների մասին ապատեղեկատվություն տարածելը Ադրբեջանի համար նոր ձեռագիր չէ, վաղուց հայտնի է նաև, թե ինչու է ադրբեջանական կողմը այդպես վարվում։ Սակայն այսօր Բաքուն ոչ թե հող է նախապատրաստում հնարավոր հարձակման համար, այլ փորձում է թույլ չտալ հայ հասարակությանը թոթափել պարտվածի բարդույթը, համոզված է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Իսկ ո՞րն է հոգեբանական ճնշում գործադրելու նպատակը, ի՞նչ ծրագրեր է փորձում առաջ մղել Բաքուն այս անգամ։ Փորձագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում քիչ հավանական համարեց լայնածաված ռազմական գործողության հավանականությունը առաջիկայում։ Նախ՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում առաջիկայում և երկրորդ՝ նոյեմբերին Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել COP-29 գագաթնաժողովը, և այդ ընթացքում պարզ է, որ միջազգային հանրության աչքի առաջ Բաքուն ագրեսիա չի ձեռնարկի, համոզված է քաղաքագետը։
«Ադրբեջանի նպատակն է հայ հասարակությանը անընդհատ պահել ճնշման ներքո, հիշեցնել իր ռազմական ուժի հնարավորությունները և նոր զոհերի մասին հիշեցնել, ինչը կստիպի հայ հասարակությանը լինել ավելի հանդուրժող, լինել էլ ավելի զիջողական, այդպիսով հնարավորություն ստեղծել ապագայում սահմանադրության փոփոխության դեպքում կորզելու հայ հասարակության համաձայնությունը։ Ի դեպ, սրա մասին է խոսում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ներկայացուցիչն էր խոսել այն մասին, որ Հայաստանի հասարակությունը, ուզի, թե չուզի, համաձայնելու է հանրաքվեի միջոցով սահմանադրության փոփոխությանը։ Սա կոմպլեքս գործողություն է հոգեբանական պատերազմի, որի նպատակն է Ադրբեջանի համար ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի հասարակության վրա անընդհատ ճնշում գործադրելու համար»։
Ուշագրավ է, որ հրադադարի ռեժիմի խախտումների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքելով, ՀՀ ՊՆ հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Այս մասին մշտապես շեշտում է ՀՀ արտգործնախարարությունը, այս անգամ ՀՀ ՊՆ կողմից նման շեշտադրումը փորձագետը առանձնահատուկ չի համարում, ՀՀ ՊՆ հիշեցումը պետական քաղաքականության շրջանակներում է, ասում է նա, նաև պարզաբանում, որ այս հիշեցումը ցույց է տալիս, որ ԵՄ դիտորդները, որոնք տեղակայված են հայ-ադրբեջանական շփման գծի հայկական կողմում, պատշաճ չեն իրականացնում իրենց առաքելությունը, քանի որ նրանք արդեն պետք է արձանագրած լինեին՝ գրանցվե՞լ է արդյոք հրադադարի ռեժիմի խախտում, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա ո՞ր կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, հստակեցնում է Արա Պողոսյանը։
Իսկ Բաքուն դրական չի արձագանքում հետաքննության մեխանիզմի ներդրմանը, քանի որ իրեն զսպաշապիկ հարկավոր չէ։
«Կա շատ տրամաբանական հարց՝ Ադրբեջանի ինչի՞ն է պետք այսպիսի մեխանիզմը։ Ակնհայտ է, որ հաղթող կողմին անհրաժեշտ չէ դա և հաղթող կողմն ինքն իր համար զսպաշապիկ չի ցանկանա ունենալ։ Հետևաբար, ինչպես նախկինում է մերժվել այս հարցն Ադրբեջանի կողմից, այնպես էլ մերժվելու է այսօր և ապագայում, քանի որ Բաքուն հստակ խնդիրներ է լուծում իր համար և երբեք չէր ցանկանա ունենալ այնպիսի հարթակ կամ մեխանիզմ, որը զսպող, իր կողմից տարածվող հոգեբանական պատերազմի թեզերը ժխտող մարմին կլիներ»։
Հայկական կողմի առաջարկին պաշտոնական մակարդակով Բաքվի կողմից հրապարակային արձագանք դեռևս չկա: