ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի, հայտնում են ԱՍՀՆ-ից:
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։
Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-14 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից և Արմավիրի մարզի տարբեր համայնքներից։ Ուղեկցողների թվում են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, բժիշկներ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով, աշխատանքների իրականացման գործընթացին աջակցում են երկու երկրներում հավատարմագրված դեսպանները։
Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։