Մոսկվան չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել նոր իրողությունները
Մոսկվան ու Երևանը միմյանց մեղադրում են սաբոտաժի մեջ։ Մոսկվան խոսում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, Երևանը հիշեցնում՝ այդ փաստաթղթում չկա գոնե մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի։
Երևանի հասցեին Մոսկվայից հնչող մեղադրանքն անտեղյակության ապացույց է՝ համոզված է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել տարածաշրջանի նոր իրողությունները։
«Քանի որ հայկական ու ռուսական կողմերի միջև կապը գրեթե խզվել է, իսկ ռուսական կողմը, իզոլացման մեջ գտնվելով, ավելի զգայուն է դարձել նմանատիպ ազդակների նկատմամբ, Բաքուն սկսել է խաղալ այդ սպասելիքների հետ և ստեղծել կեղծ տպավորություն, թե դարձել է Ռուսաստանի լավ գործընկերը։ Այս իրողություններից ելնելով՝ ռուսական դիրքորոշումն ավելի ու ավելի պրոադրբեջանական է դառնում։ Ավելին՝ ՌԴ ղեկավարությունը, այցելելով Բաքու, այնտեղի նարատիվները վերցրեց ու վերարտադրեց»։
Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը, ի պատասխան Լավրովի հստակեցնում է ՀՀ ԱԳՆ–ն: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշում է, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք:
Հրանտ Միքայլեյան․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ է, գոյություն չունի , դա անլուրջ բան է և չի կարելի դա քննարկել, առավել ևս ինչ-որ միջանցքների մասով»։
Հայաստանի արտգործնախարարությունը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության առիթով ոչ միայն ափսոսանք է հայտնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը: Պաշտոնական Երևանը հիշեցնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերահաստատում, որ դրա շրջանակում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ ՀՀ ԱԳՆ կոչ է անում ՌԴ ԱԳՆ-ին կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:
Նոյեմբերի 9-ի հայտարարության մասով, սակայն, կարծիքները միանշանակ չեն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եթե նույնիսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, Հայաստանը չի կարող միակողմանի հրաժարվել այդ փաստաթղթից, որովհետև հրադադարի կամ խաղաղության այլ փաստաթուղթ ձեռք չի բերել այլ հարթակում և ակնհայտորեն չի կարող casus belli-ի առիթ ստեղծել»:
Քաղաքագետի կարծիքով՝ ԱԳՆ-ի պատասխանը Լավրովին մեկ նպատակ ուներ՝ մերժել ռուսական միջնորդությունը, ինչը նրա կարծիքով «նվեր» էր Ալիևին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մինչդեռ այլ արձանագրում է անում․ Լավրովի հայտարարությունները, ըստ նրա, ցույց են տալիս Մոսկվայի դժգոհությունը, որ Բաքուն Երևանից չի կարողանում ստանալ այն միջանցքը, որի համար ռուսական կողմը կարծես ամեն ինչ արել է: