Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ ատոմակայանի համար ճիշտ տեխնոլոգիաներ են ընտրվել․ փորձագետ
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, ինչի ակնկալիքով Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-համաձայնագրին միանալու համար։ Դրա հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
Դիմելով Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-համաձայնագրին միանալու համար՝ Հայաստանը ակնկալում է ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների մասին տեղեկատվության ստացում և դրանց տեղադրում՝ «Ռադիլուրի» հետ զրույցում ասում է ՄԱԿ էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, «Սիվիլնեթ»-ի հարցմանն ի պատասխան, նշել է, որ «Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին»։
«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում հաստատվում է, որ Հայաստանը դիմել է 123 համաձայնագրին միանալու խնդրանքով։ Այս պահին այդ համաձայնագրին միացել են 23 երկիր ու կազմակեռրպություններ, այդ թվում Ռուսաստանը, Ղազախստանը, Ճապոնիան, ՄԱԳԱՏԷ միջազգային կազմակերպությունը և էլի մի շարք երկրներ ու կազմակերպությունները։ Հայաստանը դիմելով ամերիկյան 123-համաձայնագրին միանալու համար ակնկալում է ամերիկյան քաղաքացիական ատոմային տեխնոլոգիաների մասին տեղեկատվության ստացում և միջուկային տեխնոլոգիաների տեղադրում։ Ամբողջ այս գործընթացը պետք է դիտել Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցման հետ կապված մրցակցություն։ Հայտնի է, որ մինչև այս սեղանին էր ռուսական առաջարկը՝ ստորագրված մի շարք պայմանագրերով։ Կար արտահայտված որոշակի հետաքրքրություն Հարավային Կորեայի և Ֆրանսիայի կողմից»։
Զրուցակիցս հարցը դիտարկում է զուտ մասնագիտական տիրույթում՝ գերադասելով չանդրադառնալ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստին։ Հիշեցնում է, որ նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում այս հարցով Հայաստանում հրավիրվել են մասնագիտական երկու կլոր սեղաններ ու կազմվել են ամփոփագրեր։
«Ամփոփոագրերը հրապարակված են, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանի համար զուտ էներգետիկ տեսանկյունից ձեռնտու է 1200 մգվտ հզորությամբ BVR տիպի ռուսական տեխնոլոգիան և դրա հետ կապված այլ առաջարկները։ Մնացած առաջարկները կրում են ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ»։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի՝ ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ Նա վստահեցնում է, որ Պետդեպը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին։ Նշվում է, որ եթե Հայաստանը միանա այդ համաձայնագրին, այն կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:
«Ժամանակին Հայաստանում կատարվել է շատ ճիշտ մասնագիտական ընտրություն։ Տեխնոլոգիաների իմաստով ընտրվել էր այսպես կոչված BVR տեխնոլոգիան, որը տեղակայված է մեր ատոմակայաններում, այլ ոչ թե ռուսական RMBK տեխնոլոգիան, որի ռեակտորները տեղակայված են, օրինակ, Չեռնոբիլի ատոմակայանում և ապագան, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժը ցույց տվեցին, որ 70-ականների սկզբին Հայաստանում կատարվել է շատ ճիշտ մասնագիտական ընտրություն»։
ԱՄՆ ատոմային էներգիայի գործակալության 123-համաձայնագրին միանալու շուրջ բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ: Թե որքան կտևեն Հայաստանի հարցում բանակցությունները դեռ պարզ չէ։
Ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմքն է և սխալ որոշում կայացնելու դեպքում երկիրը կկանգնեցնեք էներգետիկ անվտանգության կորստի վտանգի առջև՝ ասում է ՄԱԿ էներգետիկ հարցերով ազգային փորձագետը։
«Ուղիղ ասելն այստեղ, կարծում եմ, ավելորդ է, հասարակությունը կարող է հիշել վաղ 90-ականները և բազմապատկել 10-ով այդ իրավիճակը»։
Երևանը և Վաշինգտոնը 2022-ին արդեն ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ Պետդեպարտամենտի կայքի տեղեկանքի՝ այն սահմանում է «համագործակցության շրջանակը», սակայն կանաչ լույս չի վառում միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար, ինչպես «123-րդ համաձայնագիրը»: