Ռուսաստանը զանգվածաին հարված է հասցրել Ուկրաինային. տուժել է 15 մարզ
Ռուսաստանը զանգվածաին հարված է հասցրել Ուկրաինային։ Օդային տագնապ է հայտարարվել ամբողջ երկրում, պայթյուններ են լսվել Կիեւում, Լվովում, Պոլտավայում եւ այլ քաղաքներում։ «Ուկրէներգոն» հոսանքի անջատումներ է մտցրել, տեղեկացրել է «Настоящее время»-ն։
Վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ գրոհի հետեւանքով տուժել է 15 մարզ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները օգտագործել են անօդաչուներ, հրթիռներ եւ «Կինժալներ»։ «Ռուս ահաբեկիչների թիրախը նորից դարձել է էներգետիկ ենթակառուցվածքը։ Ցավոք, կան ավերածություններ մի շարք շրջաններում»,- տեղեկացրել է նա։
Դնեպրոպետրովսկի մարզում զոհվել է 69-ամյա մի տղամարդ։ Տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, այդ թվում ամառանոցային տանը, տեղեկացրել է մարզի ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։ Մարզի ռազմական վարչության պետ Իվան Ֆյոդորովի խոսքով՝ արկն ընկել է մասնավոր տան կողքին։ Լուցկի քաղաքապետ Իգոր Պոլիշչուկը տեղեկացրել է ենթակառուցվածքի օբյեկտին հասցված հարվածի մասին, զոհվել է մեկ մարդ։
Կիեւի մի շարք շրջաններում կան էլեկտրամատակարարման խափանումներ։ Էներգետիկները եւ ջրմուղագործներն աշխատանքը վերսկսել են մայրաքաղաքի աջ ափին, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Պոլտավայի մարզում վնասվել է արդյունաբերական օբյեկտ, տուժել է հինգ մարդ, գրել է մարզի ռազմական վարչության ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։
Լվովի մարզային ռազմական վարչության պետ Մաքսիմ Կոզիցկին տեղեկացրել է, որ ռուսական զորքերը գրոհել են էներգետիկ օբյեկտները։ Այդ պատճառով Լվովում եւ մարզում մասնակի խափանվել է էլեկտրամատակարարումը։
Ուկրաինական երկաթուղին տեղեկացրել է մի քանի օբյեկտների հոսանքազրկման մասին։ «Շարքից հանվել են պահուստային ջերմաքարշները, բոլոր գնացքները շարունակում են երթեւեկությունը»,- նշել են ընկերությունում՝ ավելացնելով, որ այդ պատճառով հետաձգվում են նաեւ քաղաքամերձ գնացքների երթուղիները։
«Մեր էներգետիկան ոչնչացնելու ցանկությունը ռուսաստանցիների, նրանց ենթակառուցվածքի վրա թանկ կնստի»,- գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Երմակը։
Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ ռուս զինվորականները գրոհում են էներգետիկ համակարգը։ «Իրավիճակը բարդ է, գրոհների հետեւանքները ճշտվում են։ Էներգետիկներն արդեն աշխատում են դրանց վերացման ուղղությամբ»,- նշել է նա։
Մոլդովայում գրոհի հետեւանքով գրանցվել են խափանումներ Ուկրաինա-Մոլդովա ընդհանուր բլոկի էներգահամակարգում։ «Այժմ իրավիճակը վերահսկվում է։ Մենք բավական չափով տեղային գեներացիա ունենք, որպեսզի հաղթահարենք աննշան խափանումները»,- նշվել է Moldelectrica ձեռնարկության հայտարարությունում։