ԵՄ-ն հետևելու է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը
«ԵՄ-ն ուշադիր հետևելու է Վրաստանում այս տարվա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը, ակնկալում է, որ դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչպես նաև հիշեցնում է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները առանցքային դեր են խաղում թեկնածու երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու պատրաստակամությունը գնահատելու հարցում»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Բրյուսելն «անհանգստացած է վարչապետի և «Վրացական երազանքի» մյուս պաշտոնյաների հայտարարություններով՝ բոլոր ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ եթե խորհրդարանի աշնանային ընտրությունից հետո ստանա սահմանադրական մեծամասնություն, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կճանաչվի հակասահմանադրական, իսկ պատգամավորների մանդատները կչեղարկվեն։
Միաժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պարզաբանել է, որ «Վրացական երազանքը» չի նախատեսում արգելել մյուս ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կընտրեն խորհրդարանի 150 պատգամավորի՝ 4 տարի ժամկետով։