Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել ամբողջությամբ վերացնել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարվածների սահմանափակումները
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ողջունել է Ուկրաինայի Զինված ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում՝ այն անվանելով «ռազմավարական քաջություն», և կոչ է արել հակաօդային պաշտպանության ավելի շատ միջոցներ տրամադրել Կիևին, ինչպես նաև վերացնել Ռուսաստանին արևմտյան զենքով հարվածելու բոլոր սահմանափակումները։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես:
Այդ հանդիպումը Բորելի որոշմամբ Բուդապեշտից տեղափոխվել է Բրյուսել՝ համաեվրոպական քաղաքականությանը Հունգարիայի դիրքորոշման հակասության պատճառով:
ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը նաև հայտարարել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով ավելի քան 6 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունն Ուկրաինային դեռևս սառեցված է Հունգարիայի վետոյի պատճառով: