Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով, թե Հայաստանի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովը՝ որպես իրավական ակտ, գոյություն ունի, և Սիմոնյանը՝ որպես ԱԺ նախագահ, այդ հանձնաժողովի նախագահն է Հայաստանի կողմից: 

Մինասյանը հետաքրքրվեց՝ քանի որ նախկին սահմանափակումները չկան, շրջափակում այլևս գոյություն չունի, ինչ է պետք անել, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի:

Ըստ Մինասյանի՝ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկման առարկա դարձնել, թեկուզ աշխատանքային կարգով:

«Հարգելի՛ պարոն Մինասյան, ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմը այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր, և ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ ՀՀ-ում որևիցե մեկն այլևս չունի: 

Ես չգիտեմ, թե ես դա ում հետ պետք է քննարկեմ հավանական նիստի պարագայում: Որպես իրավաբան՝ նույնպես համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»,- պատասխանեց Սիմոնյանը:

Ի պատասխան՝ Մինասյանը նշեց՝ եթե շարժվում ենք Սահմանադրությամբ և օրենքներով, ԼՂ Հանրապետություն արտահայտությունը՝ որպես իրավական արտահայտություն, առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներով, այլև միջազգային պայմանագրերում:

«Համապատասխան իրավական ընթացք տալու համար համապատասխան իրավական հիմնավորումներ են պետք, այդ հիմնավորումները դուք չունեք: Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իր պաշտոնյաների որոշմամբ, և իրավահարաբերությունները հնարավոր են, երբ կա երկու կողմ: Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել: Ես կարող եմ որոշ քաղաքացիների համար ընդունելության օր կազմակերպել և հարմար պահի հանդիպել: Դա է միակ իմ պարտականությունն այսօր: Ես համարում եմ՝ այդ ֆորմատն այլևս գոյություն չունի ԼՂ իշխանության ընդունած որոշման բերումով»,- ընդգծեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ իր համար այլևս գոյություն չունի «ԼՂ նախագահ»  եզրույթը:

Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դարձյալ հորդորեց հրավիրել նիստը, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը մեղադրեց ընդդիմությանը, որոնք ասում են՝ կապ չեն ունեցել ԼՂ-ի լուծարման հետ:

«ՀՀ-ում կա մի իշխանություն: Դա ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է, կա մի նախագահ՝ խորհրդարանի կողմից ընտրված, և այլևս որևիցե նախագահ, Կառավարություն, պատգամավոր իրավունք չունի ՀՀ-ում ու չի ունենալու»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն