ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հողում ապրելու իրավունքի իրացման հարցը, ցավոք, մտել է փակուղի. Հովհաննիսյան
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների իրացման, իրենց հողում ապրելու իրավունքի իրացման հարցը, ցավոք սրտի, իրականության մեջ մտել է փակուղի: Ինչի՞ պատճառով, այն պատճառով, որ երբ մենք համոզում էինք, որ ԼՂ ներկայացուցիչները գնան, բանակցեն Սոֆիայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ կարողանան ապահովել իրենց իրավունքների իրացումն իրենց հողում, այս դահլիճում նստած դաշնակները ներսում փոխեցին նախագահին, բոլորին, ովքեր ուզում էին գնալ Սոֆիա, սկսեցին անվանել դավաճաններ, և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին, թոկը՝ վզներին, ուղարկեցին ադրբեջանական Եվլախ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ՔՊ խմբակցության քարտուղարը նաև ընդգծեց՝ այս մասով տեսլականն այն է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում լիարժեք կյանք ունենան, աշխատանք, կրթություն ստանան և ապագան կառուցեն Հայաստանում, հզորացնեն ՀՀ-ն:
«Երբ ասում են «վերադարձ», վերադարձ՝ ո՞ւր… Ես չունեմ այս պահին հողի վրա ռեալ տեսլական, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ իրենց տուն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ էության, չկատարվեց, ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունն իրենց հողում, ոնց որ հայտարարության տեքստում էր: Դա իշխանության ձախողումը չէ, ՌԴ խաղաղապահ ուժերը չկարողացան կազմակերպել դա»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը նաև ընդգծեց՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին է:
«Բոլոր նրանք, ովքեր եկել են, ԼՂ ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, թե ելեք ոտքի, գնանք, նրանք արկածախնդիրներ են և փորձ են անում այդ պրոցեսները գեներացնել, քաղաքական նոր լարվածություն մտցնել ՀՀ-ում՝ թոկը ՀՀ վզին գցելու համար, ինչպես որ Տավուշի սահմանազատման ժամանակ էին ուզում անել»,- ասաց նա: