Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հրապարակային դեմ են արտահայտվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հնարավոր գոյությանը։

Ադրբեջանի կողմից առաջ տարվող այս կեղծ գաղափարի հարցում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են։ Բայց եթե Հայաստանի հանրությունը մտահոգված է պետության տարածքային ամբողջականության պահպանմամբ, Իրանի դեպքում առաջնայինը մեր պետության տարածքային ամբողջականության պահպանումը չէ։ Իրանը Ադրբեջանի կողմից գովազդվող այս նախագծի մասով այլ պատճառներ ևս ունի, որոնք, ըստ էության, առավել ծանրակշիռ են իրենց համար, քան զուտ Հայաստանի սահմանների հարցը։

Օրերս Իրանի կառավարության Իսլամական զարգացման կազմակերպության կողմից հիմնադրված և կառավարվող Մեհր լրատվական գործակալությունը հրապարակել էր մի հոդված, որում հստակ ցույց է տրվում իրենց շահը այս հարցում։

Մեհր գործակալության հոդվածում մասնավորապես ասվում է․«Այս ենթադրյալ միջանցքի ստեղծման ծրագրի սկզբից Իրանը դեմ արտահայտվեց դրան մի քանի պատճառներով։ Նախ՝ Իրանը կորցնում է իր դերը Ադրբեջանի տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը պահպանելու հարցում։ Երկրորդ, եթե այս միջանցքը ստեղծվի, Իրանն այլևս չի ունենա իր դերը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև, որպես կապ ապահովող։ Երրորդ՝ Իրանի և Հայաստանի սահմանը։ Հայաստանը Իրանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրման կետն է, և եթե այդ միջանցքը ստեղծվի, Իրանը կկորցնի այդ առավելությունը։ Վերջապես, Միջին միջանցքի ռազմավարական արժեքի բարձրացմամբ, Զանգեզուրի միջանցքն ավելի կնվազեցնի Իրանի առանցքային դերը Արևելքի և Արևմուտքի միջև փոխադրումների գործում»:

Ահա այս չորս պատճառն են հանդիսանում Իրանի կոշտ դիրքորոշման հիմքերը։ Եվ եթե Հայաստանը կարողանա բացել ճանապարհ առանց միջանցքի տրամաբանության և առանց ադրբեջանական պահանջների կատարման, ապա կստացվի, որ Իրանը դեմ կլինի այդ ճանապարհի բացմանը, քանի որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապի և գլոբալ առումով Արևելք-Արևմուտք կապի մասով Իրանի ունեցած և ակնկալվող ազդեցությունը կփոխանցվի Հայաստանին կամ այն կողմին, որը կվերահսկի միջանցքը, ինչը կմեծացնի տարածաշրջանում Հայաստանի կամ ենթադրվող երրորդ կողմի դերակատարումը, նվազեցնելով Իրանինը։ Տրամաբանական է, որ սա Իրանին ձեռնտու չէ ու դեմ է արտահայտվելու դրան։

Հ․Գ․ Իրանի իր շահերից բխող հայտարարությունները հայկական կողմին ձեռնտու են, քանի դեռ Հայաստանում իշխանության է ՔՊ-ն, որը ցանկանում է Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհ տրամադրել երրորդ կողմի, բայց երբ իշխանության գան իրական հայակենտրոն ուժեր, որոնք կարողանան բացելով կոմունիկացիաները չտալ միջանցք որևէ կողմի, ապա Իրանի և Հայաստանի շահերը կարող են հակադրվել՝ վերնշված պատճառներից ելնելով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն