Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կմիավորվեն ՆԳՆ-ի ներքո
ՆԳՆ ենթակայության ներքո ունենք երկու ուսումնական հաստատություն՝ Ոստիկանության կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: ՆԳՆ ձևավորմամբ այս երկու պետական ոչ առևտրային կազմակերպությունները ճիշտ դիրքավորում են ստացել՝ անցնելով նախարարության ենթակայության ներքո, բայց կարևոր են նաև կրթության որակի փոփոխության թեման և օպտիմալ ու արդյունավետ կառավարումը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Նախագծային փաթեթով առաջարկվում է միավորել այս երկու կրթահամալիրները և ՆԳՆ-ի ներքո ունենալ մեկ միասնական կրթահամալիր, որը մեկ կետից կկարողանա իրականացնել այն քաղաքականությունը, որը նախարարությունը կմշակի մի դեպքում ոստիկանների, մյուս դեպքում՝ փրկարար ծառայողների կրթության ապահովման և գործունեության ապահովման երաշխավորման տեսանկյունից»,- ասաց նախարարի տեղակալը:
Ենթակառուցվածքների առումով նախատեսվում է, որ միասնական կրթահամալիրը տեղակայված կլինի Ակադեմիական քաղաքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, որը պետք է կիրառել նաև բանակում, ԱԱԾ-ում, ՓԾ-ում:
Ըստ Փաշինյանի՝ այս որոշումը միտված է նաև մասնագիտության լրջացմանը. «Պատկերավոր ասած՝ շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին ՆԳՆ ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ որոշումը բուհերի միավորման գործընթացի մի մասն է, և այս տեսանկյունից միավորումը գալիս է դյուրին դարձնելու Ակադեմիական քաղաքում սպայական կլաստեր ստեղծելու աշխատանքները:
«Մենք գործընկերների հետ քննարկում ենք նաև սպայական կլաստերում սպայական համալսարանի ամբողջական ենթակառուցվածքի հետ կապված հարցերը, որպեսզի կրթական այդ ստանդարտն ունենա համապատասխան միջավայր»,- ասաց նախարարը: