Խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործել են ՆԵՆԳՈւԹՅԱՆ ՍԿԶԲՈւՆՔՈՎ: Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին: Չկա՛ կանգառ, պայմանագիր, երաշխիք: Ով հավատացել է դրանց, կա՛մ մասնատվել է, կա՛մ անհետացել պատմության ասպարեզից իբրև պետություն կամ ժողովուրդ:

Թուրքիայի ու Ադրբեջանի համար կանգառը, պայմանագիրը կամ դրանով սահմանված երաշխիքները պարզապես ժամանակավոր դադար են՝ վերադիրքավորվելու և հարմար պահի որոնման համար: Ընթացքը, նպատակը երբե՛ք չի փոխվում՝ նվաճել ու հոշոտել մինչև վերջ:

Եթե մինչ 2020-ը Ադրբեջանը գոհ կլիներ ստանալ ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից մեկը կամ մի քանիսը, ապա դրանք դավաճանության արդյունքում ստանալուց հետո՝ արդեն Ստեփանակերտը, հետո՝ Տավուշը, հետո՝ Սյունիքով միջանքցներ, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Սևանի արևելյան ափը, և այսպես շարունակ:

Փաշինյանի խունտայի մեծագույն հանցագործությունը հայ ժողովրդի դեմ այն է, որ փորձ է արվում Թուրքիայի ու Ադրբեջանի այս ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ, այսպիսի վարքագիծը հայ ժողովրդի հոգեմտածողության մեջ, ընկալումներում տրանսֆորմացնել, փոխակերպել իբրև սովորական հարևանի, որը նաև կարող է դառնալ բարեկամ, եթե, ուշադրություն, հայ ժողովուրդը իրեն լավ պահի, պահանջածը տա և չպատերազմի:

(Թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության ողջ մեղքը դրանով հայ ժողովրդի վրա բարդելու փաստը մեկ այլ հանցագործություն է, այլ առիթով քննարկման խնդիր):

Որ, իբր, կա մի սահման կամ մի ժամ, որտեղ և երբ թյուրքական տանդեմը կարող է կանգ առնել, և կարող է սկսվել Սերգոյի կյանքի կուշտ ու երջանիկ շրջանը:

Վերոնշյալն ավելի մեծ հանցագործություն է, ավելի կործանարար հետևանքներով լի, քան անգամ Արցախի, հայտնի պատմավեպի լեզվով ասված, «անխիղճ վաճառքը»:

Քանզի միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կործանարար ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ հայ ժողովրդի ընկալումներում փոխակերպելը կարող է կուրացնել վերջինիս, զրկել դիմադրելու ընդունակությունից և վավերացնել Արցախի գրավումը:

Ադրբեջանը լավ գիտի, որ Ջրականը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Ստեփանակերտը գրավել է ժամանակավորապես: Եվ դա տեղի է ունեցել ՀՀ-ում տարիներով ստեղծելով հայ հասարակության մտածողության, ընկալումների տրանսֆորմացիայով զբաղվող համապատասխան դավադիր օղակներ և օրավուր աճեցնելով դրանց:

Թշնամին Արցախի գրավումը կհաստատի և կանցնի ՀՀ-ի գրավմանն այն օրը, երբ Փաշինյանի հանցավոր խմբակը վերջնականապես կտրանսֆորմացնի հայ ժողովրդի ընկալումները Թուրքիայի և Ադրբեջանի մասին:

Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկով այդ հայ ժողովրդի ընկալման տրանսֆորմացիան և ռազմական էսկալացիան փոխլրացնող են, ավելին, Արցախի գրավման վերլուծությամբ՝ առավել շատ տարածքներ գրավվեց առաջինի օգնությամբ, քան երկրորդի:

Փաշինյանի խմբավորումն այս փուլում ողջ ուժով լծված է թուրք-ադրբեջանական կործանարար ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ հայ ժողովրդի, հատկապես՝ նոր սերնդի ընկալումներում փոխակերպելու գործին:

Հ.Գ. Ջրականի հերոս Մառոզ Ալիկի հուշաքարը մինչ 2020-ը Ջրականի զորամասում կրում էր այդ խորհուրդը՝ թուրքական նենգությունը տեսնելու և Ջրականն ամուր պահելու խորհուրդը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն