Թրամփն առաջին անգամ խոսել է ենթադրյալ մահափորձի մասին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սոցիալական մեդիա X հարթակում հրապարակված հարցազրույցում պատմել է գոլֆի դաշտում ենթադրյալ մահափորձի մասին։
«Ուրեմն գոլֆ էի խաղում ընկերներիս հետ: Կիրակի առավոտ էր և շատ խաղաղ, շատ հրաշալի եղանակ։ Ամեն ինչ գեղեցիկ էր։ Եվ հանկարծ լսեցինք կրակոցներ, և ենթադրում եմ, որ դրանք 4 կամ 5 էին»,- ասել է Թրամփը աուդիո հարցազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ կասկածյալին առաջինը նկատել է գաղտնի ծառայության աշխատակիցը:
«Գաղտնի ծառայության գործակալը տեսել էր AK-47-ի փողը, որը շատ հզոր ինքնաձիգ է, և սկսել էր կրակել թփերի ուղղությամբ»:
«Ես կցանկանայի վերջին գնդակը խփել, բայց մենք որոշեցինք հեռանալ դաշտից»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփը գովել է գաղտնի ծառայության աշխատակիցներին և զգոն քաղաքացիական անձին, ովքեր օգնել են հայտնաբերել կասկածյալին և հետապնդումից հետո արագ ձերբակալել։
Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ կասկածյալը 12 ժամ թաքնվել է գոլֆի դաշտի ցանկապատի հետևում։ Տեղում իշխանությունները հայտնաբերել են SKS տեսակի ինքնաձիգ, GoPro տեսախցիկ և պայուսակ:
Այժմ 58-ամյա քաղաքացուն սպառնում է երկու դաշնային մեղադրանք՝ զենք պահելու համար, որոնց համար ընդհանուր առմամբ 20 տարվա ազատազրկում է նախատեսված:
Մեղադրանքներից և ոչ մեկը կապված չէ մահափորձի հետ, սակայն հնարավոր են լրացուցիչ մեղադրանքներ, քանի որ նախաքննությունը շարունակվում է։