Հարևան Վրաստանում Հայաստանն այս օրերին խիստ կարևորվում է Արևմուտքի հետ ակտիվ գործակցությամբ։ Հատկապես ներքաղաքական գործընթացների ֆոնին կրկին ակտիվանում են Հայաստանի ու նրա ղեկավարի հետ համեմատությունները՝ այդպիսով ցույց տալու տարածաշրջանի երբեմնի ժողովրդավարության փարոսի կոչում ունեցող երկրի հետընթացը։

«Ռադիլուրը» փորձել է պարզել, թե  այս օրերին ինչու և ինչպես են անդրադառնում Հայաստանին։

Խաղաղասեր, արևմտամետ և վրացամետ․ այսպես են Վրաստանում բնութագրում Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանը կամ նրա ղեկավարը սովորաբար ակտուալ թեմա չեն վրաստանյան լրատվամիջոցներում, սակայն, այսօր՝ ներքաղաքական զարգացումների ֆոնին, դարձել  են․ վրացիները բարի նախանձով են նայում հատկապես Հայաստանի՝ Արևմուտքի հետ ակտիվ մերձեցմանը։

Երևանն ու Բրյուսելն ազդարարում են վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին, իսկ Թբիլիսին հայտնվում է Եվրամիության հետ ազատ վիզայի ազատկանացման մասին համաձայնագրի չեղարկման եզրին։

«Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ Վրաստանում Հայաստանի մասին խոսում են ոչ հաճախ՝ առիթի դեպքում․ 

«Հինգ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանն ավելի առաջ կլինի եվրաինտեգրման ճանապարհին, քան Վրաստանը․ դա ուղղակի շոկային է։ Բայց Վրաստանում Երևանի քայլերը չեն գովաբանում՝ ցույց տալու, թե ինչ առաջընթաց է ապրում Հայաստանը, այլ թե ինչպես է Վրաստանը կորցնում իր հնարավորությունը՝ ժողովրդավարության հետընթաց ապրելով»։

Վրաստանն այսօր խորհրդարանական ընտրությունների լարված շրջանում է․ այս ընտրությունները պետք է որոշեն՝ երկիրը դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք է շարժվելու։ Իշխող ուժի՝ «Վրացական երազանքի»՝ վերջերս ընդունած «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը դիտարկվում է որպես ռուսական։ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի շարունակությունն, ասում են, կախված է առաջիկա ընտրություններից, եթե գործող իշխանությունը պարտվի․․․։

Եւ վրացիները քննադատելով իշխանություններին, օրինակ են բերում Հայաստանին՝ հիանալով Երևանի՝ Մոսկվայի դեմ ժամանակ առ ժամանակ արվող համարձակ քայլերով։

Վրացի փորձագետ Զաալ Անչափարիձեն, փոխանցելով վրաստանյան քաղհասրակության կարծիքը, նշում է՝ Վրաստանը, որ համարվում էր ժողովրդավարության առաջին փարոսը, բարի նախանձով է նայում հարևանին․   

«Իմ կարծիքով Փաշինյանին այստեղ համարում են ռեֆորմատոր, որը նայում է դեպի Արևմուտք․ Հայաստանը մոտենում, Վրաստանը հեռանում է Եվրոպայից։ Սա պատերազմից հետո Հայաստանի համար դժվարագույն գործընթաց է, որն այսօր մեզ պարտադրում է չնահանջել եվրաինտեգրումից»։ 

Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Մայիսայանն առանձնացնում է Փաշինյանի՝ արտաքին քաղաքականությունը, ռազմավարական տեսլականը և «Խաղաղության խաչմերուկը», որն առաջին անգամ ներկայացվեց Թբիլիսիում․ «Նա աշխատում է մեր տարածաշրջանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ, և գործընթացն արդեն սկսված է»։

Համաձայնելով վերոնշյալ տեսակետներին՝ իր հերթին վիրահայ հասարակական և համայնքային գործիչ Գիորգի Թումասյանն ավելացնում է՝ Հայաստանի պատմության մեջ ամենավրացամետ ղեկավարն է՝ նկատի ունենալով հայ-վրացական հարաբերություններում արձանագրված առաջընթացը։

Հայաստանը 2019-ին ՄԱԿ-ում չքվեարկեց Վրաստանի դեմ, իսկ այս տարի առաջին անգամ աջակցեց վրացի փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին։ Հայաստանը նաև այսուհետ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Այս տարի Երևանն ու Թբիլիսին հարաբերությունները հասցրին  ռազմավարական գործընկերության մակարդակի։

«Ես համարում եմ որ Փաշինյանի՝ Վրաստանի հետ կապված արտաքին քաղաքականությունը նպաստում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը։ Կարելի է նրան համարել վրացամետ քաղաքական գործիչ, ինչը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից», -ասում է Թումասյանը։ Նրա կարծիքով Վրաստանի արևմտամետ դաշտում դրական են գնահատում պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը նաև Թբիլիսիի համար՝ վստահեցնելով՝ Վրաստանի հետ Հայաստանն ավելի արագ կարող է շարժվել դեպի եվրաանդամակցություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն