ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չնայած գործող իշխանությունների իբր աջակցության հայտարարություններին, Շիրակի մարզի ֆերմերներն այս տարի ևս կանգնած են բերքն իրացնելու լուրջ խնդրի առաջ։

Մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել։ Արտադրության ծախսերը չեն փոխհատուցվում վաճառքից ստացված եկամուտով և, հետևաբար, ֆերմերները փորձում են ամեն տարի կրճատել կարտոֆիլի ցանքատարածությունները:

Իրավիճակն ավելի է սրվում այն ​​փաստով, որ ֆերմերների մեծամասնությունը չունի ժամանակակից ներքին ջերմաստիճանը վերահսկվող մշակաբույսերի համար նախատեսված պահեստարաններ, որտեղ բերքը կարող է մնալ մինչև ավելի լավ ժամանակներ: Ուստի, բերքահավաքից հետո մարզի ֆերմերները կարտոֆիլը փորձում են շատ արագ վաճառել։

Կարտոֆիլի արտադրությունը Հայաստանի և մասնավորապես Շիրակի մարզի ագրոարդյունաբերական համալիրի ամենաթույլ ոլորտներից է։ Փաստն այն է, որ կարտոֆիլը վերջին տարիներին կառավարության աջակցության առաջնահերթություն չի եղել. բազմամիլիարդանոց ներդրումներ և բյուջետային ներարկումներ են կատարվել լոլիկի, վարունգի, ելակի ջերմոցային արտադրության մեջ:

Այս ոլորտն այսօր գրավիչ չէ ներդրումների տեսանկյունից. իրացման գները վերջին տարիներին շատ ցածր են եղել, հսկայական ներդրումներ են պահանջվում, իսկ ոլորտի պետական աջակցությունը գրեթե բացակայում է։ Իրավիճակն այս ոլորտում բարդացնում է նաև համեմատաբար էժան իրանական կարտոֆիլի ներկրումը։ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության վերջին տվյալներով կարտոֆիլի ներմուծումն աճել է՝ կազմելով 5,8 հազար տոննա։

Կարտոֆիլի մշակումը շիրակցի շատ ֆերմերների համար միակ ապրելու միջոցն է և առանց պետական լուրջ աջակցության նրանցից շատերը պարզապես կսննկանան»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն