Սեպտեմբերի 23-ից Լիբանանի ուղղությամբ սկսված հարձակումները շարունակվում են: Վերջին երեք օրեին հատկապես ռազմական գործողությունները թեժ են: Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը անցել է 500-ի սահմանը, իսկ Լիբանանից արձակված հրթիռը առաջին անգամ Իսրայելի կենտրոնական հատվածներ  է հասել։ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ առաջին անգամ հրթիռ է արձակվել․ թիրախավորվել է Մոսսադի գլխավոր մասնաշենքը։ Երկրի անհանգիստ վիճակը տագնապ ու  լարվածություն է առաջացրել նաև հայ համայնքում։

Լիբանանահայ Նուշիկ Սարգսյանը, որ ծնվել և ապրում է  Բեյրութում, «Ռադիոլուրի» հետ զրուցում է  աշխատավայր հասնելու ճանապարհին։

«Լիբանանը վախի մեջ է: Ե՞րբ կպայթի, ի՞նչ կլինի, ոչ մեկ չի կարող ասել: Տեղեկություններ են հասնում Իսրայելից, որ պատրաստվում է մեծացնել հարձակման աշխարհագրությունը: Չգիտենք՝ ինչ կլինի»:

Զրուցակցիս խոսքով՝ հայ համայնքը համեմատաբար ապահով է, քանի որ իսրայելական հրթիռները թիրախավորում են երկրի հարավային շրջանները, որտեղ հայեր ու ընդհանրապես քրիստոնյաներ չեն ապրում: Այդ շրջաններն արաբներով են բնակեցված, բայց դա չի նշանակում, որ Լիբանանը լավ օրեր է ապրում՝ ասում է Նուշիկ Սարգսյանը:

Լիբանանի և Իսրայելի սահմանին իսրայելական մահաբեր հարվածները շարունակվում են: Արձակվում են հազարավոր հռթիներ, կան հարյուրավոր զոհեր: Մենք գտնվում ենք նոր պատերազի շեմին՝ հայտարարում է Բեյրութը, Թել Ավիվն ուղերձ է ուղարկում աշխարհին, որ իր պատերազմը «Հեզբոլլահի» դեմ է, ոչ թե՝ քաղաքացիական բնակչության։

«Ռադիոլուրի» լիբանանցի մյուս զրուցակիցը՝ Լենա Թասլաքեանը, հավելում է՝ երեխաները դպրոց չեն գնում, դպրոցները փակ են՝ անվտանգային նկատառումներից ելնելով, կա էլեկտարէներգիայի խնդիր։ «Ուտելիքի պակաս չկա, կա միայն վախ», -ասում է զրուցակիցս և հավելում՝ երկիրը լքելու ճանապարհներն անգամ վտանգավոր են դարձել:

«Էլեկտրաէներգայի, գազի խնդիր ունենք, հուսանք՝ պատերազմը չի երկարի։ Անորոշ վիճակում ենք, անգամ երկրից դուրս գալն է վտանգավոր»:

Բեյրութի օդանավակայանը պաշտոնապես գործում է, բայց թռիչքներ չեն իրականցվում: «Անվտանգային ոչ մի կանոն չի գործում», -շեշտում են զրուցակիցներս: Նուշիկ Սարգսյանի երեք զավակներն արդեն լքել են բնակավայրը, բայց ինքը դեռ չի պատրաստվում․ հույս ունի, որ կողմերը խելամիտ որոշում կկայացնեն և անմեղ մարդիկ չեն զոհվի:

«Բոլորը վատ վիճակում են, գողություններ են սկսվել: Մութ վիճակում նստած ենք: Կառավարությունն էլ չգիտի ինչ անի, նախագահ չունենք ։ Ժողովուրդը վախի մեջ է, ես քայլում եմ ու չգիտեմ գլխիս ինչ կարող է ընկնել: Այս պահին մեր հատվածում անվտանգ է, բայց ինչ կլինի վաղը՝ չգիտենք, անորոշ է»:

Լիբանանը ոչ միայն ուղիղ, այլև անուղղակի իմաստով է մթության մեջ։   Փորձագետները դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը լուծելու  հեռանկարը մշուշոտ են համարում, իսկ պատերազմի շարունակվելը՝ կործանարար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն