Պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետության ածանցյալ. Փաշինյան
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Դվին» հյուրանոցային համալիր են ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները համատեղ լուսանկարվել են, որից հետո մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով: Ավելի ուշ տեղի կունենա նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
«Թվայնացման ժամանակակից իրականության մեջ պետք է նշեմ այսօրվա քննարկման կարևորությունը, որն ուղղված է 4 ազատությունների արդյունավետ գործունեությանը, նաև թվային միջավայրի և թվային ենթակառուցվածքների զարգացմանը:
«Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմինները ակտիվորեն ինտեգրվել են, և մենք ապրում ենք մի իրականության մեջ, որին բնորոշ է տեխնոլոգիական առաջընթացը:
Շատ կարևոր է հետ նայել և տալ թվային փոխակերպման գաղափարի բացատրությունը: Ինձ համար, նախևառաջ, թվային փոխակերպումը անալոգայինից թվային տվյալների անցման արդյունավետությունն ու ճկունությունն է: Ուզում եմ ընդգծել, որ շեշտը պետք է դրվի հասարակության վրա, քանի որ պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետության ածանցյալ»,- ասել է ՀՀ վարչապետը: