Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է Քամալա Հարիսի՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով արված հայտարարությանը:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաև նկատել է. «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև՝ հանձնառու է «Հայաստանի և իր հարևանների միջև ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»:

Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է.

«Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային տատանվող նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը և հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց և նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ. Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Նույնիսկ քարոզարշավի հռետորաբանության մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական սպառազինությունն ու օժանդակությունը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքվին, իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները և այլն, չեն կարող դիրքավորվել որպես հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանատվության ենթարկել Ալիևին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) սեպտեմբերի 24-ի հաղորդագրության մեջ ասված է, որ հանձնածումբը ավելի վաղ բացասական գնահատակ է վել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի գործունեությանը՝ «Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային աջակցելու և սատարելու համար, ինչը հանգեցրեց Արցախի 120,000 հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտումների և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ադրբեջանական օկուպացիայի։» Հանձնախումբը, հաշվի առնելով նախընտրական ժամանակահատվածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրետ գործողություններ, որոնք էական նշանակություն կունենան հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության անհապաղ վերացում, ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքի երաշխավորում, փախստականներին մարդասիրական օգնության զգալի աճ և այլ քայլեր։

Ըստ հաղորդագրության՝ Հայ Դատի հանձնախումբը հուլիսի 30-ի իր հայտարարության մեջ, ուղղված Դեմոկրատական կուսակցության թեկնածուին, ընդգծել է այն քայլերը, որն, ըստ հանձնախմբի, դեմոկրատ թեկնածուից ակնկալում է ամերիկահայությունը: Նման մի հայտարարությամբ ուղղված հանրապետական թեկնածուներին՝ հանձնախումբը հանդես է եկել օգոստոսի 13-ին, ուր մասնավորեցրել է, թե ինչպիսի քայլեր է ակնկալում ամերիկահայությունը հանրապետական թեկնածուից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն