Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ իր գործողությամբ Իրանն Իսրայելի մի շարք հանցագործությունների վրեժն է լուծում։ Նա նշել է, որ թիրախավորվել է երեք հիմնական ավիաբազա, այդ թվում՝ «Մոսադը՝ որպես ահաբեկչության կենտրոն», Նևաթիմ ավիաբազան, որտեղ F-35-ներն են տեղակայված, Հատսարիմ ավիաբազան, որն օգտագործվել է Հասան Նասրալլահի սպանությունն իրագործելու համար, ինչպես նաև տանկերի, զրահամեքենաների տեղակայման վայրերը։

Բաղերին հայտարարել է, որ վերջին երկու ամիսը շատ ծանր էր Իրանի ժողովրդի ու դիմադրության առանցքի համար, քանի որ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ԱՄՆ-ն ու Եվրոպան զսպվածության կոչեր էին անում, որպեսզի Գազայում հրադադար հաստատեն, սակայն արդյունքում ԱՄՆ-ի աջակցությամբ ու կանաչ լույսով Իսրայելը գործողություն սկսեց Լիբանանի դեմ, իրավիճակն այլևս հանդուրժելի չէր։ 

Բաղերին նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, և Իսրայելը շարունակի իր հանցագործությունները կամ Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ գործողություններ ձեռնարկի, Թեհրանը բազմաթիվ անգամ կկրկնի գիշերվա գործողությունները և կթիրախավորի Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն վերջ կդնի իր նախկին գործելաոճին և կկանգնեցնի Իսրայելին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն