Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի խնդրանքով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին ասել է, որ Գալանտի այցը հետաձգվել է, քանի որ նախարարների կաբինետը նախատեսում է քվեարկություն անցկացնել Իրանի հրթիռային հարվածին պատասխանելու համար: Նրա խոսքով, ուղևորությունը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախարարների կաբինետը չի հաստատել Թեհրանի դեմ պատասխան քայլերի ծրագիրը։
Բացի այդ, հեռուստաալիքի զրուցակիցն ասել է, որ Նեթանյահուն ցանկանում է խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, նա չի ցանկանում, որ Գալանտն այցելի ԱՄՆ, ասել է պաշտոնյան։