Չի կարելի թույլ տալ Լիբանանում իրավիճակի հետագա վատթարացում և Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

«Մենք չենք կարող և չենք ուզում, որ Լիբանանը վերածվի երկրորդ Գազայի»,- ընդգծել է նա։

Ժան-Պիերը հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել «հակամարտությունը դադարեցնելու և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության հիմքեր ստեղծելու համար»։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտության դիվանագիտական ​​լուծումը շարունակում է համարել իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակի կարգավորման միակ հնարավոր տարբերակը։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ հաստատել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իսրայելը մեծացնի իր ցամաքային գործողությունների մասշտաբները Լիբանանում։

Միաժամանակ նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմին վերջ տալու համար ընդունված 1701 բանաձևի կատարման անհրաժեշտության մասին։ Միլլերը հիշեցրել է, որ դա ենթադրում է ոչ միայն շիա խմբավորման ամբողջական զինաթափում և նրա ուժերի դուրսբերում Իսրայելի սահմանի Լիտան գետից հյուսիս, նաև՝ իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն