Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով վերաբացված դատական նիստը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող բոլոր նախկին պաշտոնյաները՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, ներկայացել են դատական նիստին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ներկայությունը հիմնավորել է որպես «բարի կամքի դրսևորում», քանի որ իրեն մեղադրյալ չի համարում։ Մինչդեռ նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանքներ ներկայացնելու առաջարկ է արել «Մարտի 1»-ի դեպքերի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Տուժածների իրավահաջորդներն այս դատարանից ակնկալում են արդարություն, հատկապես այն համատեքստում, որ  փորձաքննության ուղարկված նոր փամփուշտներ կան, որոնք, դեռ, այսպես ասած, պետք է խոսեն։

Սահմանադրաիրավական վեճի և օրենսդրական բացի պատճառով առաջացած խնդիրներով խախտվել են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով տուժածների իրավունքները․ այս հիմնավորմամբ է, որ մարտի 1-ի գործը վերաբացվել է, և նախկին չորս պաշտոնյա՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները՝  Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, նորից մեղադրյալի կարգավիճակում են։ Երեք տարի առաջ նրանք արդարացվել էին, բայց Վճռաբեկ դատարանը բեկանեց դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկեց Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանում հրաժարվեց նստել մեղադրյալի աթոռին։ Մինչ դատական նիստում հերթը կհասնի մեղադրանք ներկայացնելուն, նա տեղ զբաղեցրեց նիստերի դահլիճում։ Երկրորդ նախագահը հղում է անում ՍԴ՝ 2021 թվականի որշմանը, որով ՔՕ 300.1 հոդվածը՝ «սահմանադրական կարգի տապալման» մասին, հակասահմանադրական էր ճանաչվել։

«Ես ավելի քան 1.5 տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձանից ներողություն չի խնդրել ոչ դատախազությունը, ոչ ընդհանրապես որևէ պետական մարմին։ Վճռաբեկը չի վերակենդանացրել 300.1 հոդվածը։ Այդ հոդվածն այլևս գոյություն չունի և երբեք չի ունեցել։ Ինչպե՞ս է կարելի փոխել մի բան, որը գոյություն չունի։ Ուրեմն պետք է նոր մեղադրանք առաջադրեն։ Խնդրեմ, թող առաջադրեն»։

Քոչարյանն իր կարգավիճակի մասին սխալ պատկերացումներ ունի՝ դատական նիստի ժամանակ պնդեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը․

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահի դրությամբ դադարեցված չէ, այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից, և այս պահի դրությամբ ու մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու լուծումը՝ մեղադրյալները շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ»։

Այս հարցն ավելի վաղ պարզաբանել էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը։ Նրա պնդմամբ՝ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, սխալ էր մեկնաբանել ՍԴ 2021 թվականի որոշումը։

«Խոսել այն մասին, որ 2021-ի ՍԴ մարտի 26–ի որոշումով ապաքրեականացվել է, և որոշման մեջ արձանագրել մի միտք, թե իբր արարքը հանցավոր ճանաչող նորմի բացակայության պատճառով հնարավոր չի փաստել հանցագործության հատկանիշերի առկայությունը կոնկրետ իրողություններում՝ նշանակում է ակնհայտ մեղավոր անձանց պատասխանատվությունից ազատել։ «Մարտի 1»-ը մասսայաբար տեղի ունեցած հանցագործություն է, և «Մարտի 1»-ի հանցագործությունը, իմ կարծիքով, չի կարող չբացահայտվել»։

Այս պնդումից առաջ էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում՝ իր այս տարվա տարեկան զեկույցի ժամանակ, հայտարարեց «Մարտի 1»-ի գործի վերաբացման մասին։

«Ներկայացված լրացուցիչ փամփուշտներ կան, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Քաղաքացիների մոտ մինչ օրս պահպանված փամփուշտներ կան, որ ներկայացվում են, համեմատական փորձաքննության են ենթարկվում, բացի այդ՝ գործը մասամբ գտնվում է նախաքննության փուլում, և նախաքննությունն այս մասով շարունակվում է։ Պետաիրավականում հարց հնչեց, թե արդյո՞ք վաղեմության ժամկետեր չեն կիրառվի։ Այո, կկիրառվի նույնիսկ վերաորակման փուլում, բայց ոչ ռեաբիլիտացիոն հիմքով․ վարույթն այդ դեպքում կկարճվի, ինչն իրավական հետևանքներ է առաջացնում»։

Ինչպե՞ս կվերաորակավորվի նախկին պաշտոնյաների քրեական գործը՝ Հակակոռուպցիոն դատարանում դեռ չի հստակեցվել։ Դատարանը դեռ քննարկում է ընթացակարգային հարցեր, որոնք վերաբերում են նաև բացարկ կամ ինքնաբացարկ հայտնելու իրավունքին։

Պաշտպանական կողմը պատրաստվում է դատավոր Սարգիս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացնել այն հիմքով, որ նա 2018թ․ դեկտեմբերին եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու և շրջել է Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Բացարկների և ինքաբացարկների իրավունքի առումով «Մարտի 1»–ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը մտահոգություն ունի, ասում է՝ կրկնվում է նույն սցենարը, ինչ Դանիբեկյանի նախագահած նիստերի ժամանակ, երբ երկու տարի շարունակ դատարանը չէր կարողանում մտնել դատաքննության փուլ։ Քլոյանը պահանջում է նախկին պաշտոնյաներին ներկայացնել նոր մեղադրանք․

«Ես առաջարկում եմ ևս մեկ հոդված ավելացնել։ Այդ հոդվածը կոչվում է «0038»․ հուժկու հրաման է, որն ամբողջովին ներառում է ահաբեկչություն»։

0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է՝ ժամանակին հաստատել է 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը։ Այդ հրամանը վերաբերել է զորքը զորանոցային վիճակի բերելուն։ Հրամանը մեղադրանքի հիմքում դնելու կողմնակիցները պնդում են, որ սրանով փաստացի հաստատվում է՝ ԶՈւ-ն միջամտել է պետության ներքին կյանքին, ինչի իրավունքը չի ունեցել։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն