Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի առաջին միջազգային փառատոնը
Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի առաջին միջազգային ամառային փառատոնը, որի առաքելությունն է Հայաստանում ժամանակակից պարի տարածումը։
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ արվեստի այս ճյուղն առայժմ այնքան էլ տարածված չէ Հայաստանի մշակութային ներկապնակում, սակայն վերջին տարիներին արդեն իսկ նկատելի են ոլորտի զարգացման միտումները։
«Ժամանակակից պարի փառատոնը կարևոր քայլ կդառնա Հայաստանում նոր՝ յուրահատուկ և որակյալ նախագծերի առաջացման և հանրապետության մշակութային կյանքում ժամանակակից պարի կարևորման գործում»,-նշում են կազմակերպիչները։
SumMeet փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական հայտնի թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ Մասնագետներին և բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաև վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ, կլոր սեղաններ, եվրոպական և ռուսական համույթների ելույթներ և զանազան այլ միջոցառումներ մայրաքաղաքի բեմերում և թանգարաններում։