ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին նախագծին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դրա մշակման համատեքստում իրականացվել են ժողովրդագրական առկա վիճակի համապարփակ և համալիր վերլուծություն, ռազմավարության արդյունքային շրջանակի տեսլականի և ռազմավարական նպատակների ու գործողությունների ծրագրի մշակում, իրականացված վերլուծության և արդյունքային շրջանակի պաշտպանության անցկացում Վիեննայի Վիլկենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, բնակչության թվաքանակի կանխատեսման իրականացում Չեխիայի Չարլզի համալսարանում միջազգային փորձագետների և տեղական թիմի օժանդակությամբ:

«Ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա՝ ինտեգրելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ հրապարակած տվյալները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տրամադրած տվյալները, ՀԲ-ի տրամադրած տվյալները և այլ վերլուծություններից բխած տվյալներ»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարն ընդգծեց, որ վերլուծության շրջանակում կատարվել է ՀՀ արտաքին և ներքին միջավայրում սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացումների վերլուծություն, ինչպես նաև ԼՂ ժողովրդագրական տվյալների վերլուծություն:

«Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևոր արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական կայուն և ներառական աճը»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նշեց ռազմավարության 4 ռազմավարական թիրախները՝ ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծում, վաղաժամ մահերի կանխման համակարգ, ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, միգրացիայի կառավարման քաղաքականություն:

«Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին: Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդագրությունը մեր բոլորիս հավաքական գործունեության մասին է, և մեզնից յուրաքանչյուրի գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի թե չէ: Օրինակ՝ իրական Հայաստանի ռազմավարությունը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, խաղաղության օրակարգը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, պետական ինստիտուտների կայացման ռազմավարությունը և հարցը, որ մենք պետք է կենտրոնանանք պետության և պետական ինստիտուտների կայացման վրա, մենք դա կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ»,- նշեց վարչապետը:

«Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է. Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում բնակվող մարդը այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում: Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդը ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչ փող ուզում եք ծախսեք, հնարավոր չէ. մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա. ինքը, իր երեխաները, իր թոռները, ծոռները կարող են այստեղ ապրել, կրթություն ստանալ, լինել բարեկեցիկ, ազատ, և ստեղծագործական հաճույք ստանալ իրենց կյանքից, աշխատանքից և ՀՀ քաղաքացի լինելուց: Մենք այսօր, ըստ էության, հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում, որը պետք է ճյուղավորվի՝ կապվելով մեր բոլոր ռազմավարություններին: Մեր բոլոր ռազմավարություններն այն մասին են, որ ՀՀ-ն մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սեփական սերունդների կյանքը. սա է մեր գործնական խնդիրը, որը պետք է կարողանանք ապացուցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն