Բրյուսելում անցկացվել է Եվրամիության և Ծոցի երկրների առաջին գագաթնաժողովը
Եվրամիության և Պարսից ծոցի երկրների առաջին գագաթնաժողովի գլխավոր աշխարհաքաղաքական թեման է եղել Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը և ՀԱՄԱՍ ու «Հըզբոլլահ» կազմակերպությունների դեմ Իսրայելի պատերազմը։ Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են, որ ճգնաժամից ելքը երկու անկախ պետության՝ Իսրայելի և Պաղեստինի սկզբունքն է։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև խորացնել առևտրային համագործակցությունը, համատեղ պայքարել կլիմայի գլոբալ փոփոխության դեմ և օգնել ամրապնդել համաշխարհային անվտանգությունը։ «Մենք չենք կարող իրականացնել մեր տնտեսական հավակնություններն առանց անվտանգության»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ընդգծելով զինված հակամարտությունները լուծելու համար միասին աշխատելու կարևորությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված են Կատարը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը և Քուվեյթը: