Սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիր կա. Նիկոլ Փաշինյան
Մի կողմից՝ մենք ունենք երկրում սելեկտիվ աբորտների խնդիր. այսինքն՝ մարդիկ ուզում են, կամ ինչ-որ մի մասը մարդկանց նախընտրում է ունենալ տղա երեխաներ: Այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են, մյուս կողմից՝ տղա երեխաների՝ հետագայում այլ խնդիրների՝ բանակում ծառայելու հետ կապված խնդիրների հետ առնչություն: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդամենը օրեր առաջ ես մի տեղեկանք էի կարդում, որում արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիր կա, որ մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական նեգատիվ ազդեցություն է կա՛մ արդեն ունեցել, կա՛մ առաջիկայում ունենալու է: Այսինքն՝ ես ուզում եմ, որ մենք այս խնդիրների լրջությունը և խորությունը գիտակցենք:
Այն, ինչ ես ասում եմ, Կառավարության խնդիրը չէ միայն, դա Կառավարության օրակարգի հարց է, բայց դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգի հարց է, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու այսօրվա, վաղվա, և ապագայի վրա ազդող գործոն է, որը մենք պետք է հաշվի առնենք, խոսենք: Այն մոտեցումը, որ՝ լավ, եկեք չխոսենք այս թեմայի, այն թեմայի մասին, չխոսելու քաղաքականությունը՝ մանավանդ ժողովրդավարության պայմաններում, չի կարող գործել: Երբ որ մենք բացում ենք խոսելու անհրաժեշտության մասին և խոսելու առիթներ ենք փնտրում և ստեղծում, հետո մի իքս պահի պարզվում է, որ մենք խոսել չգիտենք: Սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք՝ դպրոց կառուցել չգիտենք, սկսեցինք ինչ-որ բաներ կառուցել, ինչ-որ բաներ անել, տեսանք, որ դա էլ չգիտենք, կպարզվի, որ մենք խոսել էլ չգիտենք, հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի, ու սա շատ լուրջ պրոբլեմ է: Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում, չենք գիտակցել երբեք: Մենք պետք է վերադառնանք բովանդակություններին, խոսելու կուլտուրային: Մենք պետք է գնանք, պետք է շարժվենք առաջ, հակառակ դեպքում ընդհանրապես հասկանալի չէ՝ ինչ է լինելու»,- ասաց վարչապետը:
«Ներկայիս բնակչության կառուցվածքի դեգրադացիայի պատճառներց մեկը նաև սելեկտիվ աբորտներն են: Մենք վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար արդեն կորցրել ենք մարդկային կապիտալ, այսինքն՝ 80 հազար աղջիկներ չեն ծնվել, որոնք կարող էին ծնվել և վերարտադրողական տարիքում մեր բնակչության համար էական ազդեցություն թողնեին մարդկային կապիտալի վրա»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: