Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել «3+3» հարթակում. Լավրով
Մոսկվան, Անկարան և Թեհրանը Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման ավարտին։
Նրա խոսքով՝ Մոսկվան հիշեցրել է այն հիմքերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ ինչպես ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների և այլոց մակարդակով։
Բացի այդ, նա նշել է, որ հայ-թուրքական կարգավորման հետ կապված հարցեր կան։ «Առայժմ հանդիպումներ չեն նախատեսվում, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակիորեն շփվեն թուրքերի հետ և հասկանան, թե ինչ է պետք անել»,- հավելել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հարավային Կովկասի շուրջ համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ 2020 թվականի վերջին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, ավելի ուշ այն ստացել է «3+3» անվանումը։ ԱԳ նախարարների մակարդակով վերջին նիստը տեղի է ունեցել Թեհրանում՝ 2023 թվականի հոկտեմբերին։