Օգտվե՞լ բնակապահովման ծրագրից, թե՞ ոչ․ ծրագրի մեկնարկից 4 ամիս անց 1100 արցախցի է դիմել
«Ռադիոլուրի» զրուցակից արցախցիները դեռ չեն կողմնորոշվել` ցանկանո՞ւմ են օգտվել բնակապահովման ծրագրից, թե՞ ոչ։ Այս պահին մոտ 1100 դիմում է մուտքագրվել համակարգ, ընդամենը 30 հավաստագիր է տրամադրվել շահառուներին։
Արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանն ասում է, որ կառավարությունը բարձր շեմ է սահմանել՝ առաջարկած գումարն ու անշարժ գույքի շուկայի գները համաչափ չեն։
«Ես փնտրտուք արեցի անշարժ գույքի շուկայում, պարզվեց՝ 50 հազար դոլարից պակաս անշարժ գույք չկա։ Այնինչ կառավարությունը հավաստում է, որ այդ գումարները ներկայացվել են ըստ բնակավայրերի, բացառությամբ Աբովյանի, Դիլիջանի, Էջմիածնի։ Ամեն դեպքում ստացվում է,որ նույն Արարատում, Եղեգնաձորում, Վայքում այնպես չէ, որ գները սկսում են 10 հազար դոլարից։ Այսինքն՝ մինչև 4 անձից բաղկացած ընտանիքը ոչ մի շանս չունի այս ծրագրից օգտվելու»։
Հունիսի 15-ից մեկնարկել է արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլը։ Կառավարությունը 3-5 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում այն արցախցիներին, որոնք ՀՀ քաղաքացիություն կունենան։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կանխատեսվում է, որ առաջին փուլին կդիմի շուրջ 4 200 ընտանիք, բայց ծրագրի մեկնարկից շուրջ չորս ամիս անց դիմող ընտանիքների թիվը 1100 է։
Ծրագիրը մի քանի փուլ է անցել ու պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Նրա խոսքով՝ դիմումների մերժման հիմնական պատճառը ծրագրի պայմաններին չհամապատասխանելն է, մասնավորապես, պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը։
«Մենք պարբերաբար ենք հանդիպել մեր հայրենակիցների և թիրախային խմբերի հետ։ Ծրագիրը փոփոխությունների է ենթարկվել՝ աջակցության չափից սկսած մինչև բնակավայրեր, քանի որ աջակցությունն այս պահին տրամադրվում է 3-ից 5 միլիոն դրամի շրջանակում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին»։
Զառա Մանուչարյանը նշում է, որ աջակցության չափը պայմանավորված է նաև հանգամանքով, թե որտեղ մեր հայրենակիցը կորոշի կառուցել իր տունը կամ ձեռք բերել այն։
Խնդիրները կապված են նաև փաստաթղթավորման հետ։ Լիանա Պետրոսյանն ասում է, որ շատերը չունեն ամուսնության, ծննդյան վկայականներ, անգամ անձնագրեր։ Մարդիկ չեն հասցրել վերցնել դրանք։
«Մարդիկ արդեն ինչ-որ կերպ տեղավորվել են ինչ-որ մի գյուղական բնակավայրում, որտեղ նշված գներով առաջարկներ չկան ու մեկ այլ խնդիր է բազմանդամ ընտանիքով տեղափոխվել և հաստատվել Սյունիքի այն բնակավայրերում, որտեղ կառավարությունը բնակապահովման առաջարկներ ունի»։
Սակայն ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ընտրությունը բավական մեծ է, և այն մտահոգությունը, որ հիմնականում սահմանամերձ համայնքներ են ներառված ցանկում, իրականությանը չի համապատասխանում։
«Մի քանի 100 բնակավայր է առաջարկվում հայրենակիցներին, որոնք և՛ քաղաքային, և՛ գյուղական բնակավայրեր են, և՛ կան նաև սահմանամերձ բնակավայրեր։ Հայրենակիցները անգամ կարող են Երևանում կառուցել տունը կամ որևէ այլ քաղաքային բնակավայրում։ Ընդ որում, ասեմ, որ ոչ միայն քաղաքային բնակավայրերի համար կա նաև մտահոգություն, որ բոլորի դեպքում առանձնացված է 3 միլիոն, այլ ծրագրի պայմանները թույլ են տալիս նաև ավելի բարձր չափի աջակցություն ստանալ, քան 3 միլիոն դրամն է՝ ընտրելով քաղաքային բնակավայր»։
Ի դեպ, կառավարության առաջարկը վերաբերում է թե՛ չափահաս, թե՛ անչափահաս քաղաքացիներին։ Անչափահաս քաղաքացիներին տրվող 3 միլիոն դրամը կլինի անհատույց, իսկ չափահասները, որոնք կօգտվեն աջակցությունից, տարիներ հետո պետք է պետությանը վերադարձնեն ստացած գումարը, ինչից հետո կստանան ձեռք բերած բնակարանի սեփականության իրավունքը։