Ո՞վ է ուզում Ձեզ հենց այնպես գումար նվիրել․ կիբերհանցագործություններն աճում են
Հայաստնում կիբերհանցագործությունների թիվը շարունակում է աճել՝ նվազնման որևէ միտում ցույց չտալով։ Վերջին 2 տարիներին միայն պաշտոնական տվյալներով 2000 մարդ է տուժել, սակայն իրավապահները նշում են՝ այս հանցատեսակի դեպքում տուժողները հիմնականում չեն դիմում իրավապահներին, հետևաբար վիճակագրությունն ամբոջղական պատկեր ցույց տալ չի կարող։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարող իրավապահները ներկայացնում են ամենամեծ տարածումն ունեցող հանցատեսակները, հորդորելով պահպանել ամենապարզ կանոնը՝ չփոխանցել անձնական տվյալներն անծանոթներին։
Ամեն օր՝ ավելի շատ հանցագործություն ու տուժած․ կիբերտիրույթում ֆինասնական հափշտակությունների աճը վերջին 4 տարում սովորական երևույթ է դարձել։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ 2019, 2020 թվականներին միջինում արձանագրվում էր 300 կիբերհանցագործության դեպք։ Վերջին 2 տարիներին տուժածների թիվը հատում է 1000-ի սահմանը։ Հայկ Մկրտչյանն ասում է՝ բոլոր միտումներն աճող են։
«Եթե պաշտոնական թվերի մասին ենք խոսում, ուրեմն 2022 թ.-ին ֆինանսական հափշտակությունների մասով արձանագրվել է 1158 դեպք, իսկ 2023-ին՝ 1198 դեպք։ Առավել մեծ քանակի են հասնում տարբեր ֆինանսական շուկաներում ներդրումային խարդախությունները, տարբեր գովազդների միջոցով հորդորում են, շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել, խոստանում են մեծ դրամական շահույթներ, և մեր քաղաքացիները հավատում են դրանց։ Կրիպտոակտիվների զարգացման զուգընթաց նաև կրիպտոյի վերաբերյալ խաղդախությունների թվերի աճ գրանցվեց, մասնավորապես, օրինակ, տելեգրամյան հարթակներում տարբեր գովազդներ էին տեղադրում և քաղաքացիներին հաղորդագրություններ էին ուղարկում, որ առկա են, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում տարբեր կիտոընկերություններ, որտեղ հնարավոր է ներդրում կատարել և գերշահույթ ստանալ, սակայն դա նույնպես հանցագործների ստեղծածն էր, և մեր շատ քաղաքացիներ դարձել են հենց նմանատիպ հանցագործության զոհ»։
Եղել է դեպք, երբ քաղաքացին կատարել է 100 000 դոլարը գերազանցող ներդրում։ «Ռադիոլուրի» զրուցակիցներից մեկը 10 օրում 2 միլիոն 520 հազար դրամի ներդրում էր արել և կորցրել ողջ գումարը։ Ասում է՝ սկզբում կասկածներ չեն լինում, իսկապես հավատում ես, որ «20 ընտրյալներից մեկն ես»։ Իսկ հետո հաջողելու ցանկությունն է կասկածից ուժեղ գտնվում․
«Մի տեսակ ընկնում ես էդ հոսանքի մեջ, միանում են, էդ հղումներով մտնում ես, իրենք ասում են՝ սա սեղմի, սա արա, էն արա, մի տեսակ մեխանիկորեն ես անում էլի։ Հա, բացի այդ իրենք անձնագրի տվյալներն ասեցին նկարի գցի, հետո քեզ էլ են իրենց կամեռայով նկարում։ Ես որ ասեցի՝ ոչ մի բան չեմ մուծի, իրենք ասեցին, որ ես լկտիաբար եմ վարվում։ Ինձ են ասում, պատկերացնո՞ւմ եք։ Ես սա ասում եմ նրա համար, որ զգույշ լինեն, չենթարկվեն այդ սթերսին, որովհետև շատ փիս հոգևիճակի մեջ ես ընկնում»։
Կարդացեք նաև- Բացառիկություն, որ թանկ է նստում․ խարդախությունը տուժողի ու բացահայտողի աչքով
Այժմ խաղին միացել է Արհեստական բանականությունը՝ ասում է Հայկ Մկրտչյանը։ Հանցագործներն օգտագործում են դրա հնարավորությունները, կեղծելով հայտնի անձանց ձայնը, արտաքինը՝ ստեղծում են տեսանյութեր։
«Մենք դեպք ենք ունեցել, երբ ոստիկանությունը տեսանյութ էր պատրաստել հենց էս ֆինանսական խարդախությունների վերաբերյալ, էդ հանցագործների կողմից օգտագործել էին մեր աշխատակցի տեսանյութը, կեղծել էին վերջինիս ձայնը և հորդորում էին քաղաքացիներին վճարումներ կատարել, որպեսզի իբր թե ոստիկանությունը ետ վերադարձնի հափշտակված գումարը»։
Այս պահի Հայաստանում 3 հանցատեսակներ տարածվում են առավելագույն ակտիվությամբ։ Առաջինը ներդրումային խարդախություններն են։ Երկրորդը՝ ֆիշինգի եղանակով բանկայի քարտիից գումար հափշտակելը, երբ SMS հաղորդագրությամբ քաղաքացին իմանում է, որ ծանրոց ունի, որը ստանալու համար պետք է տալ մի քանի անձնական տվյալ։
«Նմանատիպ եղանակով նաև տարբեր հայտարարությունների կայքերում մեր քաղաքացիները ապրանքներ են վաճառում, օրինակ՝ կենցաղային իրեր կամ ավտոմեքենա, նրանց հետ կրկին կապ են հաստատում Վոթսափ հավելվածի միջոցով, ասում են, որ գտնվում են Հայաստանի որևէ մարզում և վերջիններիս խնդրում են, որ տրամադրի իրենց բանկային քարտի թվեր, որպեսզի նրանք գումարը առցանց եղանակով ուղարկեն։ Ցավոք սրտի, լինում են քաղաքացիներ, ովքեր կրկին հավատում են դրանց, մուտքագրում են իրենց բանկային քարտի թվերը»։
Ամենամեծ տարածում ունեցող հանցատեսակների եռյակը փակում են աշխատանքի առաջարկներին հաջորդող հափշտակությունները։ Մարդուն առաջարկվում է, օրինակ, Youtube-ով դիտել տեսանյութեր, գրել մեկնաբանություններ։ Այնուհետև նա ստանում է հղում, որտեղ պետք է լրացնի տվյալները՝ կատարած աշխատանքի վարձատրությունը ստանալու համար։ Վարձատրության փոխարեն մարդը ստանում է ծանուցում, որ բանկային քարտում եղած ողջ գումարը գանձվել է։
Այս տեսակի հանցագործությունների բացահայտելիության մասին վիճակագրություն Հայկ Մկրտչյանը դժվարանում է ներկայացնել․
«Նախորդ տարիներում արձանագրված հանցագործությունները կարող են բացահայտվել 3 տարի հետո։ Քննչական կոմիտեի հետ համատեղ ձեռնարկած ահռելի աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց հայտնաբերել ֆինանսական հափշտակություններով հենց էդ ներդրումային խարդախություններով զբաղվող հանցավոր որջ և ներկայումս էդ հանցագործության բացահայտումով քննությունը շարունակվում է։ Մենք այս տարի ևս Քննչական կոմիտեի հետ ունենք մի շարք բացահայտումներ, թվերի մասով հստակ չեմ ուզում խոսել, քանի որ դրանք իրապես չեն արտացոլում էն ահռելի աշխատանքը, էն բացահայտումների մակարդակը, որը իրավապահ մարմիններն այսօր կատարում են»։
Անձնական տվյալներին խոհեմաբար վերաբերվելը իրավապահների միակ հորդորն է․ չգրել դրանք անհայտ ծագման կայքերում, չփոխանցել անծանոթ, վստահության արժանանալու համար որևէ ապացույց չներկայացրած մարդկանց և հիշել՝ Ձեզ հենց այնպես գումար նվիրելու պատրաստ անծանոթ մարդկանց թիվը մոտ է 0-ին։