ՔՊ-ն Անդրանիկ Քոչարյանին ստրացրեց․ Փաշինյանի ուղերձը
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր համախոհների հետ կարողացավ հասնել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականին, բայց կարծես չի կարողանում հասնել իր գլխավոր նպատակին, այն է` իրենով անել նախարարի աթոռը` դրան նստեցնելով իր մարդուն։
Օրերս ՔՊ վարչությունը Անդրանիկ Քոչարյանի արդեն երկրորդ թեկնածուին՝ Արմեն Խաչատրյանին մերժեց նշանակել նախարարի պաշտոնում։ Նա ստացել էր ընդամենը 3 ձայն։
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ՔՊ վարչությունը մերժել էր Քոչարյանի թեկնածու համարվող Արփի Դավոյանին։ Նրա օգտնին էլ հնարավոր էր եղել ապահովել ընդամենը 2 ձայն, որից մեկը հենց Արփի Դավոյանի ձայնն էր եղել։
Թեկնածուների մերժումը դեռ քիչ էր, Անդրանիկ Քոչարյանը մեկ այլ ստորացման արժանացավ ՔՊ-ի կողմից։ Խորհրդարանում Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումներին, իրեն անհարգալից դրսևորած ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ոչ միայն պատասխանատվության չկանչվեց, այլև Անդրանիկ Քոչարյանի թիմակից համարվող Հովիկ Աղազարյանը ստիպված եղավ իր «թքածը լիզել» և հայտարարել, որ ինքը չի միանա Քյարամյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին։ Քյարամյանը անպատիժ մնաց մի պարագայում, երբ դրա մասին Անդրանիկ Քոչարյանը հրապարակային խոսեց անգամ հանրային հեռուստաընկերության եթերում։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել և ստորացնել իրեն մեծ իրավուքններ վերապահած Անդրանիկ Քոչարյանին ու ցույց տալ, որ ինքը չէ դրության տերը ու պետք է «հանգիստ նստի տեղը»։