Ցանկությո՞ւն, թե՞ պատրվակ. մշակութային և կրթական օջախները ոչ բոլորին են հասանելի
Հոկտեմբերի 25-26-ը Երևանում կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը։ Այն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Փառատոնի շրջանակում այսօր և վաղը Երևանի Փոքր թատրոնում կկայանա ներկայացման պրեմիերա, որը ստեղծել են 30 երիտասարդներ Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից: Մինչ այդ Գյոթեի ինստիտուտում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է մշակույթի և կրթության մեջ մատչելիությունը և ներառականությունը։
Մատչելի միջավայրի խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մարտահրավերները նույնն են հատկապես մշակութային և կրթական հաստատություններում։ Գերմանական High Art բյուրոյի գրասենյակի ղեկավար Կսենիա Ռիկլինը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ սա հասկացել է ընդամենը մի քանի օրինակ լսելով հայաստանյան իրականությունից։
«Նմանությունն այն է, որ մշակութային տարբեր հաստատություններ շատ հին շենքերում են գործում, որոնք երբեք հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար, և դրանք բոլորը վերափոխելը նույնպես շատ դժվար խնդիր է։ Այս ընդհանրությունը կա ոչ միայն Հայաստանի և Գերմանիայի, այլև մյուս երկրների հետ։ Նաև շատ հուզիչ և ոգևորիչ է, որ հաշմանդամությունունեցող անձանց խնդիրներով մտահոգ այսքան կազմակերպություն կա, և որ դրանք բոլորը փորձում են երկխոսելով լուծման ուղիներ գտնել»։
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը վստահ է՝ ցանկացած նման քննարկում կարող է արդյունավետ դառնալ հետևողական և սկզբունքային լինելու դեպքպում։ Բայց նաև կարծում է, որ հասցեականության համար նմանատիպ քննարկումներին պարտադիր պետք է նաև կառավարությունից ներկայություն լինի։
«Մշակութային օջախներ, թանգարաններ, համերգասրահներ.այդ հաստատությունները չունեն այլընտրանք, ի տարբերություն առևտրային կամ ժամանցային սննդի օբյեկտների, երբ կարելի է, այլընտրանք գտնել, եթե մատչելի չէ միջավայրը, ապա մշակութային վայրերի պարագայում ընտրության հնարավորություն չկա, որովհետև եթե մարդը, օրինակ, ռոք երաժշտության սիրահար է և համերգը կայանալու է, օրինակ, Կարեն Դեմիրճյանի համալիրում, որը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, նա պարզապես այլընտրանք չի ունենա։ Պետք է մոռանալ անընդհատ այդ սովետական ժառանգությունը և չմոռանանք, որ Գերմանիան էլ մասամբ սովետական երկիր էր, բայց 30 տարվա ընթացքում դարձրել են ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ մենք ինչու՞ չենք դարձրել էդ 30 տարվա ընթացքում, ուրեմն չկա կամք»։
Ի տարբերություն Հայաստանում գործող բազմաթիվ մշակութային օջախների՝ մատչելի միջավայրի հաջող օրինակ է Նարեկացի արվեստի միությունը։ Չնայած դժվարություններին, միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին հաջողվել է ստեղծել արվեստի կենտրոն՝ հասանելի բոլորին։ Նրան չի խանգարել նույնիսկ այն փաստը, որ միությունը նկուղային հարկում է գտնվում։
«Արդեն շինարարական աշխատանքները սկսվել էին, ճարտարապետը եկավ և ասաց՝ եթե դու ուզում ես, որ սայլակով մարդիկ կարողանան մտնել, փողոցը պետք է 13 մ փորես և 3 մետր էլ խորություն է պետք և վերելակ։ Երևի միակն է Նարեկացի մությունը, որ այսքան միջոցների է դիմել և ծախսեր է արել, բայց այդքանով հանդերձ, երբ կա ցանկություն, կան նաև միջոցներ, հակառակ դեպքում կան պատրվակներ»։
Հոգեբան Մելինե Պետրոսյանը Արմավիրի արվեստի պետական քոլեջի դասախոս է։ Համոզված է՝ եթե ոլորտի պատասխանատուները հետամուտ լինեին և ներառական կրթությանը ավելի լուրջ վերաբերվեին, կրթությունն էլ իսկապես ներառական կլիներ։
«Ցավոք, մեզ մոտ դա բացակայում է։ Մենք ունենք նեղ մասնագետների կարիք, և ես ինքս որպես հոգեբան, որքան էլ որ փորձել եմ օգնել և օգտակար լինել, ես այդ նեղ մասնագետը չեմ, և մենք չկարողացանք նմանատիպ երեխային ներգրավել մեր աշխատանքներում, ով միգուցե ապագայում հանրահայտ նկարիչ դառնար, որովհետև նա ուներ բնատուր շնորհ։ Մասնագետները ամեն կերպ փորձում էին օգտակար լինել, բայց ոչ մի կերպ հնարավոր չեղավ նրան ինտեգրել, որովհետև դե գիտեք, աուտիզմը շատ բարդ հետևանքներով խնդիր է, և ոչ մի կերպ հնարավոր չէր նրան վերահսկել և կարողանալ ինչ-որ մի բան սովորեցնել»։
Թեև միջոցառման կազմեկերպիչ High Art բյուրոյի գրասենյակի ղեկավար Կսենիա Ռիկլինը հավաստիացնում է, որ ներառականության և մատչելի միջավայրի խնդիր կա ամբողջ աշխարհում, և մարտահրավերները ամենուր նույնն են, Մելինե Պետրոսյանն այդ կարծիքին չէ։ Նա թե՛ Գերմանիայում է եղել, թե՛ Բելգիայում, այնտեղ ամեն ինչ անհամեմատ մատչելի և հասանելի է․ մի բան, ինչն այսօր չկա Հայաստանի ոչ մշակութային օջախներում, ոչ էլ դպրոցներում։