168.am-ը գրում է․ Քաղաքացիները դրսից անհամեմատ ավելի քիչ դոլար ու եվրո են ուղարկում Հայաստան, քան ռուսական ռուբլի։ Ի տարբերություն դոլարով ու եվրոյով ուղարկված գումարների, որոնք նվազել են, ռուբլով մուտքերն այս տարի նույնիսկ ավելացել են, չնայած Ռուսաստանից կատարված փոխանցումները պակասել են։

Նախորդ երկու տարիների ակտիվ հոսքերից հետո, դրսից Հայաստան եկող գումարներն այս տարի գրեթե 6,7 տոկոսով կրճատվել են։ Եթե անցած տարվա ութ ամիսներին ֆիզիկական կամ մասնավոր անձինք բանկային համակարգով Հայաստան էին փոխանցել շուրջ 3 մլրդ 820 մլն դոլար, այս տարի փոխանցել են 3 մլրդ 562 մլն դոլարը՝ 258 միլիոնով քիչ։

Փոխանցումների հիմնական մասը, նախորդ երկու տարիների նման, ունեցել է զուտ առևտրային նշանակություն։ Դրանք սպասարկել են տարբեր երկրների և, բնականաբար, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ առևտրային հոսքերը։

Հայաստանի միջոցով ռուսական շուկայի մատակարարումները, ինչպես նաև ռուսական ապրանքների տարանցումն այլ երկրներ, շարունակում են բավական մեծ կշիռ ունենալ Հայաստանի արտաքին առևտրի մեջ։ Առաջին հերթին այդ հոսքերի սպասարկումով է պայմանավորված առևտրային փոխանցումների բարձր կշիռը՝ դրսից եկող գումարների մեջ։

Ոչ առևտրային փոխանցումները կազմել են ընդամենը 655 մլն դոլար, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 277 միլիոնով կամ շուրջ 30 տոկոսով։

Սա բավական լուրջ անկում է, որի վրա կարող էին ազդել տարբեր գործոներ, այդ թվում՝ դրսից ուղարկվող գումարները հարկելու՝ իշխանությունների անհագուրդ ցանկությունը։

Ինչպես հայտնի է, եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակներում պատրաստվում են հարկել քաղաքացիների արտերկրում աշխատած գումարներն ու ձեռք բերված այլ եկամուտները։ Բնականաբար, խոսքն այն գումարների մասին է, որոնք երևում են բանկային համակարգում։ Չի բացառվում, որ դրա հետևանքով մարդիկ նախընտրել են կանխիկի տարբերակը, ինչն էլ հանգեցրել է բանկային փոխանցումների զգալի կրճատման։ Ամեն դեպքում, ոչ առևտրային փոխանցումների նվազումը վկայում է, որ կենցաղային խնդիրների լուծման նպատակով այս տարի քաղաքացիները, առնվազն բանկային համակարգի միջոցով, անհամեմատ ավելի քիչ օժանդակություն են ստացել։

Արտերկրից ուղարկված 3 մլրդ 562 մլն դոլարից 2,9 միլիարդը առևտրային նշանակության փոխանցումներն են։ Դրանք նախորդ տարվա համեմատ ավելացել են։

Ավելացել են նաև Հայաստանից դուրս եկած գումարները։ Ավելացումը տեղի է ունեցել մեծամասամբ առևտրային նշանակության փոխանցումների հաշվին։

Շուրջ 2,8 մլրդ դոլարի արտահոսք է եղել՝ նախորդ տարվա 2,6 միլիարդի դիմաց, ինչը արձանագրվել է Հայաստան ուղարկված գումարների նվազման պայմաններում։ Եթե անցած տարի արտահոսքի հարաբերությունը ստացվածի նկատմամբ կազմել էր 67,8 տոկոս, այս տարի հասել է 77,9 տոկոսի։

Անհամեմատ ավելի քիչ գումարներ են մնացել ներսում։ Տարբերությունը նախորդ տարվա համեմատ անցնում է 442 միլիոն դոլարից։

Ոչ առևտրային գումարների զուտ հոսքն 8 ամսում պակասել է 282 միլիոնով կամ գրեթե 44 տոկոսով։ Կազմել է ընդամենը 362 մլն դոլար. նախորդ տարի հասնում էր 645 միլիոնի։

Դրսից Հայաստան ուղարկված գումարների մեծ մասը եղել են ռուսական ռուբլով. 3 մլրդ 562 միլիոնից ավելի քան 2,2 միլիարդը հենց այդ արժույթով է։

Դոլարի ու եվրոյի մուտքն անհամեմատ քիչ է։

Ռուսաստանից կատարված փոխանցումների 93 տոկոսից ավելին ռուբլով են։

Ութ ամսում այդ երկրից ստացվել է 2 մլրդ 357 մլն դոլար, որից 2 մլրդ 202 միլիոնը եղել է ռուբլով։

Այլ տարադրամներով եկել է ընդամենը 155 մլն դոլարի կարգի գումար։

Ռուսաստանից փոխանցված գումարները 340 մլն դոլարով կամ գրեթե 13 տոկոսով կրճատվել են, բայց կրճատվել են բացառապես տարադրամային այլ միջոցների հաշվին։ Ռուբլով փոխանցումները, ոչ մեծ չափով, բայց ավելացել են։

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դա եկել է, ինչպես որոշ շրջանակներն էին ժամանակին ասում, Հայաստանում սկսված քաղաքական պրոցեսները սպասարկելու նպատակով, ասենք, որ ռուբլու հոսքերի ավելացումը բացառապես առևտրային նպատակով իրականացված փոխանցումների հաշվին են։ Ոչ առևտրային փոխանցումները ռուբլով նույնիսկ նվազել են։

Բացառապես ռուբլու, այլ արժույթներով Հայաստան կատարված փոխանցումները նվազել են։

Զուտ դոլարով ստացվել է 842 միլիոն, նախորդ տարվա գրեթե 1,1 միլիարդի փոխարեն։

Այս տարի 244 միլիոնով պակաս դոլարային մուտք է եղել։

Եվրոյով անցած տարի փոխանցվել էր 506 միլիոն, այս տարի՝ 423 միլիոն։

Հայաստանից գնացած գումարները, ի տարբերություն մուտքերի, որոնք մեծամասամբ ռուբլով են, եղել են հիմնականում դոլարով ու եվրոյով։

Ռուբլին եկել է Հայաստան, Հայաստանից դուրս է եկել դոլարն ու եվրոն։

8 ամսվա շուրջ 2,8 միլիարդ արտահոսքից՝ ավելի քան 1,2 միլիարդը եղել է դոլարային արտահոսքը։ Եվրոյով գնացել է գրեթե 904 մլն դոլարին համարժեք գումար։

Դոլարի ու եվրոյի բաժինն ընդհանուր արտահոսքի մեջ կազմել է գրեթե 77 տոկոսը կամ 2,1 միլիարդից ավելի։ Սա անհամեմատ ավելին է, քան այս խողովակով Հայաստան մտնող դոլարն ու եվրոն։ Մասնավոր փոխանցումների միջոցով այս տարի մուտք է եղել ընդհանուր առմամբ շուրջ 1,3 միլիարդին համարժեք դոլար ու եվրո, գնացել է 2,1 միլիարդին համարժեք դոլար ու եվրո։ Դուրս գնացած դոլարն ու եվրոն 800 միլիոնով գերազանցել են մուտքերին։

Ավելացել են նաև այլ արժույթներով Հայաստանից դուրս եկած գումարները, չնայած դրանց մուտքերը մեծ չեն՝ հազիվ 30 միլիոն դոլարի կարգի են։ Այդ պայմաններում այլ արժույթների տեսքով Հայաստանից գնացել է 274 մլն դոլարին համարժեք տարադրամ։

Ի տարբերություն դոլարի ու եվրոյի, ռուբլով արտահոսքն անհամեմատ քիչ է, էապես զիջում է մուտքերին։ Ստացվել է ավելի քան 2,2 մլրդ դոլարին համարժեք ռուբլի, գնացել է 358 միլիոնին համարժեք. ավելի քան 1,8 մլրդ դոլարի կարգի ռուբլի է մնացել Հայաստանում։ Դրանից 158 միլիոնը ոչ առևտրային զուտ հոսքն է։ Խոսքը կենցաղային նպատակներով քաղաքացիների ստացած գումարների մասին է։ Ոչ առևտրային զուտ հոսքերի մեջ գերակշռել են հենց ռուբլով ուղարկվող գումարները, չնայած դրանք նախորդ տարվանից կրկնակի պակասել են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն