Պետական բյուջեն հիմնվում է քաղաքացիների վճարած հարկերի վրա, բայց ուշադրություն դարձրեք այդ հարկերը հավաքագրելու պետական գործառույթին: Հարկեր հավաքագրելը պետական մենաշնորհ է: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միայն պետությունը կարող է հարկեր հավաքագրել և ունենալ պետական բյուջե, որը համընդհանուր բարեկեցության գործիք է, հետևաբար պետությունը իր քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է կամ, ժողովրդի լեզվով ասած, հաց վաստակելու գործիք»,- հայտարարեց վարչապետը: 

«Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն, և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է: Հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար սկսած 90-ականների սկզբից հեռացել են, արտագաղթել է և արտագաղթում են ՀՀ-ից։

Այստեղ մնացածներից շատերն իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ և չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ՝ երբեմն նույնիսկ համակերպվել են, որ իրենք մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու։ Այսինքն՝ այստեղ մնալը շատ դեպքերում երկար տարիներ նույնացվել է ոչ բարեկեցիկ կյանքով ապրելու մտքին համակերպվելու հետ:

Երրորդ հանրապետությունում ստեղծված այս սոցիալ-հոգեբանությունը լրջագույն խնդիրներ է ստեղծել մեր երկրի համար, որովհետև ճեղքում և անդունդ է ստեղծել բարեկեցություն և հայրենիք, պետություն և բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունների միջև։ 

Այսինքն՝ բարեկեցություն հասկացությունը չի կապվել հայրենիք հասկացության հետ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ 1991 թվականից ի վեր մեր հանրապետության միջին վիճակագրական ամենատարածված մոդելը եղել է այն, որ քաղաքացիներն իրենց հացը վաստակել են հայրենիքից դուրս, իսկ «պետություն» ասելով՝ հասկացել են այն պետությունները, որոնք ամենևին իրենք չեն հիմնել, բայց որոնցում իրենք հաց են վաստակել։ 

«Այսպես մեր սոցիալ-հոգեբանության մեջ բաղդատվել և տարանջատվել են «բարեկեցություն», ժողովրդական լեզվով ասած՝ «հաց», «հայրենիք» և «պետություն» հասկացությունները։

Այս ճեղքի լրացումն առանցքային նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, որովհետև հայեցակարգային, գաղափարաբանական մակարդակում մեր ինքնության և մեր պետության պահպանումը, զարգացումը և հարատևությունն ապահովելու համար ռազմավարական անհրաժեշտություն է պետության՝ որպես հայրենիքի բովանդակության և բարեկեցության (այսինքն՝ հացի ստեղծման) գործիքի հայեցակարգային ընկալման արմատավորումը, ինչը, բարեբախտաբար, դանդաղ և ենթագիտակցական մակարդակում տեղի է ունենում»,- եզրափակեց խոսքը վարչապետը։ 

Նրա խոսքով՝ ենթագիտակցական այս դրսևորումները բավարար չեն՝ մեզ անհրաժեշտ է հստակ, պետական, հանրային և քաղաքական գիտակցություն, և այդ գիտակցությունը արմատավորելու նպատակին է ծառայում «Հայրենիքը պետությունն  է,  սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» բանաձևը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն