Կառավարությունը կկազմավորվի. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կհաստատվի՝ չնայած ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները։
Վրաստանի նախագահը, սակայն, չի ճանաչում երկրում անցկացված խորհրդարանի ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ մասին կիրակի Թբիլիսիում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով ընդդիմության առաջնորդների հետ։ Նա կոչ է արել բնակչությանը երկուշաբթի Թբիլիսիում միանալ բողոքի ակցիային։
Զուրաբիշվիլին ընտրությունն անվանել է «տոտալ կեղծում, ձայների տոտալ գողություն»։ «Ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան»,- հավելել է նախագահը։
Ըստ BBC-ի` երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես հաղթող է հռչակել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, սակայն ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրության արդյունքները և հայտարարում է բողոքի ակցիաների մասին։ Նույնիսկ ընդդիմադիր հեռուստաալիքների հարցումները ցույց են տվել, որ ընտրողների առնվազն 40%-ն է քվեարկել է «Վրացական երազանքի» օգտին, նշել է լրատվամիջոցը։