Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը
Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները հրաժարվեցին մանդատներից։ Այս մասին «Լուրերին» փոխանցում է թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Այսօրվանից Գյումրին չունի նաև քաղաքապետ և քաղաքապետի առաջին տեղակալ, ասաց Ղազարյանը։
«Քանի որ քաղաքապետը և առաջին փոխքաղաքապետը քաղաքական պաշտոն են համարվում, հիշյալ անձինք հրաժարվելով կուսակցական մանդատներից և դուրս գալով ավագանու կազմից, մեխանիկորեն դադարում են նաև լինել քաղաքապետ և փոխքաղաքապետ։ Միակ գործող պաշտոնյան մնում է փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ով տնային կալանքում է գտնվում»,- փոխանցեց Ղազարյանը։
Ուրբաթ օրը հանձնաժողովը նիստ կհրավիրի՝ քննարկելու դիմումները և մանդատ հանձնելու «Բալասանյան» դաշինքի ցուցակում գտնվող մեկ անդամին։
Հիշեցնենք՝ ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, ով գտնվում է արտերկրում։