Միջազգային հանրությունը չի շտապում շնորհավորել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը երկրի ԿԸՀ-ի տվյալներով հաղթել է շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում։ 

Միաժամանակ Կանադան և Շվեդիան հայտարարել են Վրաստանի իշխանությունների հետ հարաբերությունները վերանայելու և դադարեցնելու մասին։ Շվեդիայի կառավարությունը դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով։

Վրաստանյան ընտրությունները դեռ չավարտված երկրի իշխանություններին շնորհավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Երեկ երեկոյան նա ժամանել է Թբիլիսի՝ Ռուսթավելի պողոտայում գտնվող «Մարիոթ» հյուրանոց, որտեղ նրան քաղաքացիները դիմավորել են սուլոցներով ու բղավոցներով։

«Վրաստանում խոսքն ազատ և ժողովրդավար ընտրությունների մասին է»,- այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում վկայակոչելով հունգարացի դիտորդների զեկույցները՝ ասել է Օրբանը։ 

Նա նշել է՝ վրաց ժողովուրդն ընտրել է խաղաղությունը, և Հունգարիան ընդունում է ժողովրդի որոշումը։

«Մենք լավ գիտենք, թե ինչ է պատերազմը, դա տեղի է ունենում հարևան երկրում։ Գիտենք նաև խաղաղության կարևորությունը։ Հունգարիան խաղաղասեր երկիր է, որ գնահատում է ձեր խաղաղության ջանքերը։ Որևէ մեկը չի ուզում կործանել սեփական երկիրը՝ այն ներքաշելով պատերազմի մեջ», -ընդգծել է Օրբանը, որի Վրաստան ժամանումը քննադատել է Եվրամիության ղեկավար Բորելը՝ հիշեցնելով, որ Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը։

Վրաստանի նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները երեկ հետընտրական առաջին հանրահավաքին հայտարարեցին, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները, հրաժարվում են մտնել խորհրդարան։

«Մենք պահանջում ենք նոր ընտրությունների անցկացում, որը, սակայն, պետք է անցկացվի միջազգային ընտրական մարմնի կազմակերպմամբ։ Մենք որևէ բանակցությունների չենք գնալու մեր ձայները գողացածների հետ, շարունակելու ենք բողոքի ակցիաները․․․»,- Ռուսթավելի պողոտայում «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» ուժի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր ուժերը հակառակ սպասումների, ԿԸՀ-ի տվյալներով միասին ստացել են շուրջ 38 տոկոս ձայն։ Նրանք պնդում են, որ իշխանությունները գողացել են վրաց ժողովրդի եվրոպական ապագայի ձայները։ Պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե է ստացել «Վրացական երազանք»-ը, որը երկրի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ Վրաստանում իշխանության է եկել 2012 թվականին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն