Թրամփն աղբահանի համազգեստով է ներկայացել հանրահավաքին, իսկ Հարիսը հայտարարել է՝ «մենք կհաղթենք»
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Վիսկոնսինում իր համախոհներին ասել է, որ նրանք «Ամերիկայի սիրտն ու հոգին» են և իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է նրանց «աղբ» անվանելու մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Թրամփի մեկ կամ մի քանի կողմնակիցների «աղբ» էր անվանել։
«Ջո Բայդենը վերջապես ասաց, թե իրականում ինչ են մտածում ինքն ու Քամալան մեր աջակիցների մասին, նա նրանց անվանեց աղբ», — ասել է Թրամփը: «Ես ձեզ անվանում եմ Ամերիկայի սիրտն ու հոգին, դուք սիրտն ու հոգին եք: Դուք կառուցեցիք մեր երկիրը»,- հավելել է նա։
Թրամփը նաև իր խոսքում թիրախավորել է Դեմոկրատական կուսակցությանը՝ մեղադրելով նրա առաջնորդներին վերջին ինը տարիների ընթացքում իր կողմնակիցներին նվաստացուցիչ արտահայտություններով՝ «ֆաշիստ, նացիստ» պիտակավորելու մեջ:
Գրին Բեյում կայացած հանրահավաքում Թրամփը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլային աստղ Բրետ Ֆավրին աջակցության համար և կատակել է այն մասին, որ Բեյոնսեն մասնակցել է Քամալա Հարիսի հանրահավաքին, բայց ելույթ չի ունեցել։
Իսկ նախագահի մյուս թեկնածուն՝ Հարիսը խոստացել է, որ եթե հաղթի, իր ուշադրության կենտրոնում «ամեն օր» կլինեն մարդկանց ապրելու ծախսերը, և երիտասարդ ընտրողներին ասել է, որ «ձեր ձայնը ձեր ձայնն է»:
Հարիսը բեմի վրա վստահ հայտարարել է․ «Մենք հաղթելու ենք»:
Փոխնախագահը խոսել է նաև «այն սպառնալիքի մասին, որ Թրամփը ներկայացնում է ժողովրդավարությանը»:
«Առաջին օրը Դոնալդ Թրամփը կմտնի գրասենյակ թշնամիների ցուցակով… երբ ես ընտրվեմ, ես կենտրոնանալու եմ անելիքների ցուցակի վրա», — ասել է նա:
«Եվ իմ ցուցակի առաջին տողերում ձեր կյանքի ծախսերի նվազեցումն է», — շարունակել է նա:
Հարիսը անդրադարձել է քաղաքականության առանցքային ոլորտներին, դրանց թվում՝ առողջապահությունը:
«Իմ ծրագիրը կնվազեցնի երեխաների խնամքի ծախսերը, կնվազեցնի հարկերը փոքր բիզնեսի համար, կնվազեցնի առողջապահական ծախսերը, քանի որ կարծում եմ, որ առողջապահության հասանելիությունը պետք է լինի իրավունք և ոչ միայն արտոնություն նրանց համար, ովքեր կարող են դա թույլ տալ», — ասել է նա Վիսկոնսինի հանրահավաքում: