Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան ատեստավորման համակարգի ներդրման միջոցով, ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա 2025-ի բյուջեով դրանց բարձրացում չի նախատեսվում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կբարձրանա՞ն կենսաթոշակները, ուսուցիչների աշխատավարձերը:

«Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ գործառնությունների դիմաց քեշբեքի չափն ավելացնելու միջոցով»,- հայտնեց ֆինանսների նախարարը:

Ինչ վերաբերում է գնաճին, տեղեկացրեց՝ 12-ամսյա գնաճն այս պահին հավասար է զրոյի, այսինքն՝ գնաճ չունենք: 

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ խոսքն այն մասին չէ, որ թոշակներն ու նպաստները բավարար են՝ ֆինանսավորելու այն բոլոր կարիքները, որ ունեն քաղաքացիները, սակայն այդ խնդիրները գնաճի պատճառով ավելի չեն վատթարացել վերջին մեկ տարում: 

Անդրադառնալով Եվրասիական միության և տարածաշրջանի երկրների հետ համագործակցությանը՝ նշեց՝ Հայաստանը համագործակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր:

«Դրանցից երկուսը ներկայացված է 2025 թվականի բյուջեով. մեկը ոռոգման համակարգի առողջացման կապիտալ ծրագիրն է, որը 2024-ին նախատեսված է եղել 1 միլիարդ 178 միլիոն դրամ, որից 893 միլիոն դրամը վարկային միջոցներ էին, 284 միլիոն դրամը՝ համաֆինանսավորում: «Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» ծրագրի ներքո հաջորդ տարի նախատեսել ենք 149 միլիոն դրամ, որից 124 միլիոն դրամը՝ որպես դրամաշնորհ, 24-ը՝ համաֆինանսավորում և ճանապարհային ցանցի բարելավմանն է ուղղված, որը, ինչպես գիտեք, Հյուսիս-հարավի հարավային ուղղությամբ կառուցվող ճանապարհահատվածն է Քաջարան-Ագարակ հատվածում»,- տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարը:

«Այստեղ միջոցները 2025 թվականին նախատեսված են 19 միլիարդ 124 միլիոն դրամ, որն իր մեջ ունի թե՛ կապիտալ մաս, թե՛ ընթացիկ կառավարման մասեր: Այս մասով 2024-ին նախատեսված է եղել 15 միլիարդ դրամ, այսինքն՝ նախատեսում ենք, որ մյուս տարի այս աշխատանքներն ավելի կինտենսիվանան»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Խոսելով ոռոգման համակարգերի արդիականացման, ոլորտի զարգացման ռազմավարության մասին՝ նախարարը տեղեկացրեց՝ այս պահին ունենք դեռևս չհաստատված ռազմավարություն, և ներկայումս քննարկումներ են ընթանում մինչ ռազմավարության ընդունումը առաջիկա տարիների համար մեր սպասվող քաղաքականություններին համահունչ խնդիրները ձևակերպելու համար:

«Նույնիսկ եթե վերջնական ռազմավարություն չկա հաստատված, բայց ակնհայտ է, որ կան էական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներ, որոնք մաշվել են, այդ մաշված ենթակառուցվածքները պետք է վերանորոգվեն: Մենք պետք է ռազմավարությամբ նաև բացահայտենք այդ ենթակառուցվածքները վերականգնելու նպատակները»,- ասաց ֆինանսների նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն